Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Դալմայի այգիների հողերի նախկին սեփականատերերը, ովքեր պնդում են, որ իրենց հողերը խլել են և համարժեք փոխհատուցում չեն տվել:
«Ինը տարի է` գալիս ենք, ու ապարդյուն: Խորհրդային միության փլուզումից հետո մեզ օրենքով բաժին հասած հողերն առանց մեր գիտության վաճառել են: Մեր այգում ամուսիններով նստած հողի գնորդն եկել ու ասել է, որ այս տարածքն իրենն է: Մենք ապշահար եղած հարցրինք՝ ո՞նց թե ձեր հողն է, թուղթ ունե՞ք, ասացին` կբերենք:
Հետո պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի քույրը, քաղաքապետարանի աշխատողներ, դատավորներ, դատախազներ, պատգամավորներ մեջ-մեջ են արել Դալմայի այգիները, բաժանել են, լավ թիքյա ա, Ռոբերտ Քոչարյանը բոլորին շաբաշ է տվել, ու մենք կանգնել ենք փաստի առաջ: Հողի գնորդին հարցնում ենք` ումի՞ց եք առել, ասում են՝ քաղաքապետարանից՝ մի փեշ փող ենք տվել քաղաքապետարանին ու առել ենք: Երբ հարցնում ենք՝ մեզ պատասխան չունե՞ք տալու, ասում են՝ թող քաղաքապետարանը պատասխան տա: Իններորդ տարին է քաղաքապետարանը պատասխան չի տալիս», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է ակցիայի մասնակից Ջեմմա Կիրակոսյանը :
Մեկ այլ մասնակից Ջուլիետտա Արշակյանի խոսքով՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե «անգամ մայթերին լոբի ցանած մարդիկ էլ փոխհատուցում են ստանալու», ո՞ւր է այս խոստման տերը:
Դալմայի այգիների սեփականատերերի հավաստմամբ՝ այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն բան հարցի լուծումը երկարաձգելու համար:
«Մեզ այնքան են խաբելու, մինչև 1800 հոգանոց մեր շարքերը կնոսրանան ու այլևս իրենց պահանջ ներկայացնող չի մնա: Հայրս ուղիղ մեկ տարի հողի հարկ է մուծել այն բանից հետո, երբ այդ հողն արդեն մեզանից խլել էին: Երբևէ գլխացավ չունեցած հայրս մահացավ հայտնված հողատիրոջ հետ հերթական վիճաբանության ժամանակ ու այսքանից հետո հողատերն առանց ամաչելու ասաց՝ 100 դոլար կտամ հոգեհացի համար: Հորս մշակած այգու 400-500 ծառերն այսօր գողացել, կտրել ու վաճառել են», – ասել է ակցիայի մասնակից Զոյա Գաբրիելյանը:
Բողոքողների խոսքերով՝ այսօր արդեն անհնար է իրենց վերադարձնել այդ հողերը, քանի որ այդ տարածքում արդեն դղյակներ ու պալատներ են վեր խոյանում: Նրանք պահանջում են փոխհատուցել իրենց հողատարածքների գումարները:
«Կադաստրային արժեք գոյություն ունի, թող հաշվեն ու 1քմ-ի դիմաց վճարեն մեզ հասանելի գումարները: 7700 քմ-ի դիմաց երեք սեփականատերերիս առաջարկում են 2000 դոլար: Ուղղակի ծիծաղելի է, անգամ Ղռերում հողն այս արժեքը չունի», – ասել է բողոքողներից Արմեն Գալստյանը:
Խաբված հողատերերը նշել են, որ իրենք ոչ մեկի չեն հավատում՝ ոչ նախագահին, ոչ վարչապետին, ոչ էլ՝ «անարդարադատության նախարարին»:
«Երկու զինվոր որդի ունեմ, երկուսն էլ սահման են պաշտպանում, երրորդին էլ շուտով տանելու են ծառայության, իմ երկիրն ինձ ինչո՞վ է պաշտպանում, ոչ տուն ունեմ, ոչ՝ եկամուտ, այսօր էլ եկել ողորմություն եմ խնդրում: Թող ետ բերեն տղաներիս, ինչիս է պետք այս երկրի սահմանները պաշտպանելը»,- բողոքել է Զոյա Գաբրիելյանը:
ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին կանգնած մարդկանց ակցիայի ընթացքում մոտեցել է միայն Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանը, ով նշել է, որ իրենք աշխատում են այդ հարցի լուծման ուղղությամբ, իսկ մշտական բողոքի ակցիաներով մարդիկ խանգարում են իրենց աշխատանքին: Նա խոստացել է, որ բոլոր մարդիկ փոխհատուցում կստանան:
Մարդիկ պահանջ են ներկայացրել, որպեսզի 1 քմ-ի դիմաց իրենց նորմալ գումար վճարեն: Քաղաքապետարանի ներկայացուցիչը կրկին ասել է, որ խնդրի լուծումն ընթացքում է:
Ակցիան շարունակվել է մոտ 1,5 ժամ, որից հետո բողոքողները ցրվելեն, սակայն նրանք պատրաստվում են վաղը հավաքվել ՀՀ կառավարության մոտ: