Սյունիքի 8 ՀԿ-ներ այսօր բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով պահանջոմ են Սյունիքի մարզում ուրանի հանքերում աշխատանքների անհապաղ դադարեցում: Այս նախաձեռնության հեղինակներից «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ չնայած 2010թ. անցկացված մեծ հանրահավաքին, 13.850 ստորագրահավաքի շնորհիվ աշխատանքները հանքում դադարեցվել էին, սակայն 2011թ. հոկտեմբերից դրանք նորից վերսկսվել են:
«Անցյալ տարի վարչապետին ուղղած մեր նամակին ի պատասխան` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ պատասխանել են` ասելով, որ որոնողական աշխատանքները կտարվեն գյուղական համայքներից հեռու, մինչդեռ սկսվել են աշխատանքներ հենց Լեռնաձոր գյուղի տարածքում»,- ասել է Արմեն Փարսադանյանը:
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք: Հարկ ենք համարում նշել նաև, որ հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ ապրելու պայմանները»,- մասնավորապես, ասված է ՀԿ-ների նամակում:
Ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները չդադարեցնելու և ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը չեղյալ չհամարելու դեպքում ՀԿ-ները սկսելու են հանրային միջոցառումներ, հանրահավաքներ, քանի որ, ինչպես նկատել է Փարսադամյանը, այս հարցը կապանցիների համար այլընտրանք չունի: