Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կրտսեր դուստրը Twitter միկրոբլոգում ընտանիքին «վարկաբեկող» նկար է տեղադրել, որում նրան կարելի է տեսնել ԱՄՆ դոլարների խուրձը ձեռքին: Ի դեպ, համացանցային հանրությանը վրդովվեցրել է ոչ այնքան այն փաստը, որ նախագահի դուստրը ցուցադրում է իր դոլարները, այլ այն, որ ամերիկյան դոլարի շրջանառությունը Վենեսուելայում արգելված է 2003 թվականից և հենց Ուգո Չավեսի նախաձեռնությամբ:
Բացի դա, Ռոսինես Չավեսի ձեռքի գումարն այնքան էլ մեծ չէ, դրանք հիմնականում մեկ և հինգ դոլարանոց թղթադրամներ են: Բլոգերները անմիջապես արձագանքել են նկարին և սկսել են իրենց սեփական նկարները հրապարակել, որտեղ ծաղրում են նախագահի դստերը` ձեռքներին պահելով, օրինակ, բանաններ կամ կաղամբի թփեր:
Ի դեպ, նախագահական ընտանիքը նույնպես արձագանքել է տեղի ունեցածին: Ռոսինեսի մայրը հրապարակավ նախատել է դստերը` հայտարարելով, որ աղջիկն իրեն կոռեկտ չի պահել: Հայրը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը:
Ի դեպ, Չավեսի դուստրը առիթը բաց չի թողնում հրապարակավ ցուցադրելու իր գեղեցիկ կյանքը: Վերջերս նա կայքում տեղադրել էր նաև կանադական փոփ աստղ Ջասթին Բիբերի հետ լուսանկարը:
Սակայն նրա այս վերջին արարքը կարող է թանկ նստել նախագահի դստեր վրա, քանի որ ապօրինի դրամային գործողությունների համար լուրջ պատասխանատվության կարելի է ենթարկվել, ընդհուպ մինչև քրեական հետապնդում: Հասարակ քաղաքացու համար օրինական դոլարներ գնելը բավական բարդ է, իսկ արտասահման գնացողի համար դոլարի կոնկրետ չափ է նախատեսված, որի օգտագործման համար նա պետք է հաշվետվություն տա: