Home / Հայաստան / «Քոքից վառել» դատական համակարգը. նախագահի աշխատակազմի ղեկավարին չհամոզեցին

«Քոքից վառել» դատական համակարգը. նախագահի աշխատակազմի ղեկավարին չհամոզեցին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդը զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն է, այսինքն` մինչև այսօր ինքը շատ լավ կոծկում ու կեղծում է սպանված երեխաների գործերը: Այսօր կառավարության շենքի մոտ այս մասին հրապարակավ հայտարարում էր 2010թ. մարտի 15-ին հայկական բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, ով այլ մայրերի հետ բողոքի ակցիա էր անցկանում:

«Ինքն ա զակազչիկը մեր երեխեքի սպանության: Իսկ  բոլոր զինվորական սպանության գործով դատավորներն էլ դատախազի հրամաններն են կատարում», – բղավում էր զոհված զինծառայողի մայրը:

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզում զոհված զինծառայող Արտակ Նազարյանի մայրը`  Հասմիկ Հովհաննիսյանը ասել է, որ համամիտ  է Մուրադյանի հետ:

«Եթե ինքը պատվիրատու չի, թող այսօր այս հանցագործ սպներին պատժեն, եթե  սպաներին չեն պատժում, ուրեմն թող պատժեն էն քննիչներին, էն դատախազներին, որոնք գործը չեն կարողանում ճիշտ կոծկել, նախագահին  մեր երեխեքի գործերը  ներկայացնոմ են  որպես ինքնասպանություն»,- ասել է Հովհաննիսյանը:

Բանակում մահացած մեկ այլ զինծառայողի` Տիգրան Օհանջանայնի մայրը` Գոհար Սարգսյանն ասում էր, որ  դատաիրավական համակարգը փտած և այն  պետք է  «քոքից ոչնչացնես, վառես»:

Մինչ մայրերը լրագրողների հետ զրույցում իրենց բողոքն էին բարձրաձայնում, ՀՀ կառավարության շենքից դուրս է եկել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Սարգսյանին և սկսել են հարցեր տալ նրան:

2007 թվականին մահացած զինվոր Գեղամ Միրզոյանի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, զոհվածների ծնողների անունից առաջարկել է Վիգեն Սարգսյանին որպես միջնորդ հանդես գալ և հանդիպում կազմակերպել Գևորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի և իրենց  փաստաբանների միջև, որի ընթացքում վերջիններս կներկայացնեն իրենց ասելիքը, դատախազն էլ կպատասխանի նրանց:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Գևորգ Կոստանյանը պարբերաբար զեկուցում է Սերժ Սարգսյանին, թե ինչ է արել այդ գործերի վերբերյալ:

Ծնողներնն ընդգծել են, որ մեկ տարի առաջ Կոստանյանն իրենց հետ հանդիպել է, լսել է իրենց, սակայն մինչ օրս ոչ մի հարց չի լուծել:

«Իմ ասածն էն ա, որ ձեր ցավը ոչ մի ձևով չի ամոքվի, եթե հազար ուրիշ գործ բացահայտվում է ու լուծվում է: Էս հանցագործությունների բացահայտման լավագույն օղակը, ամենամասնագիտացված օղակը զինդատախազությունն է», – ասել է Վիգեն Սարգսյանը:

Այնուամենայնիվ, ծնողները շարունակում էին հակադարձել Սարգսյանին: Մասնավորապես, Արտակ Նազարյանի մայրն էլ ասել է, որ իրենց չուղարկեն Կոստանյանի մոտ, քանի որ «նա գործերը  կոծկում է»:

«Բա ո՞ւմ մոտ ուղարկեմ: Զինդատախազի համար որևէ գործ կոծկելը ի սկզբանե նախ հանցագործություն է: Նաև անձնական մակարդակով Գևորգ Կոստանյանն ամենալուրջ մասնագետն է այդ ոլորտում այսօր: Հանրապետության նախագահը շատ լավ գիտի խնդիրը ու անմիջական իր հանձնարարությամբ այն մարմինը, որը պետք է  դրանով զբաղվի, զբաղվում է: Բայց եթե դուք ուզում եք, որ ես նորից ասեմ խնդրի մասին նախագահին, ես նորից կասեմ»,- ասել է Վիգեն Սարգսյանը: