Երևանի 74 համարի երթուղայինը, որը տարիներ շարունակ անցել է Հանրապետության հրապարակով, արդեն մի քանի օր է, ինչ չի անցնում իր սովորական դարձած երթուղով: Այժմ 74 համարի երթուղայինը չի անցնում Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով, այլ Ձկան խանութի կողքով իջնում է դեպի կրկես, այնուհետև հասնում «Այրարատ» կինոթատրոն:
Epress.am-ի թղթակիցը, երթուղայինով երթևեկելիս, լսել է, թե ինչպես են ուղևորները բողոքում նոր կարգի կապակցությամբ, քանի որ երթուղու փոփոխության մասին նախապես չի հայտարարվել:
Վարորդները պատասխանում են, որ այսուհետ երթուղին ներկա ճանապարհով է անցնելու:
Խնդրի առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից:
Վերջինս մեզ տեղեկացրել է, որ քաղաքապետարանը երթուղին փոխելու որոշում չի կայացրել, այլ վերջին տարիների ընթացքում 74 երթուղին սխալ ուղով է անցել: Այժմ ստուգումների արդյունքում դա բացահայտվել է, և տվյալ երթուղին այսուհետ կգնա այն ճանապարհով, որը նշված է պայմանագրի մեջ:
«Տարիներ շարունակ աշխատել են շեղումով, հիմա ստուգումներն են խստացվել և գծատիրոջը պարտադրվում է, որ առաջնորդվի սահմանված երթուղագծով: Տրանսպորտի նախարարության հետ երկուստեք այդ խախտումները ստուգվում են», – ասել է Արթուր Գևորգյանը:
Նշենք նաև, որ Հրապարակով անցնող երթուղայինների վարորդների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ մոտ օրերին հրապարակով այլևս ոչ մի տրանպորտ չի անցնելու: Այս հարցի առնչությամբ Արթուր Գևորգյանն ասել է.
«Չեմ կարծում, որ մյուս երթուղայինների մուտքը կարգելվի հրապարակ: Այն երթուղայինները, որոնց պայմանագրերում նշված է, որ այդ երթուղագծով չպետք է անցնեն, չեն երթևեկի այդտեղով, կանցնեն այն ճանապարհով, որը սահմանված է», – ասել է Արթուր Գևորգյանը:
Մեր այն հարցին, թե ուղևորները երթուղագծի փոփոխության մասին ինչպես պետք է տեղեկանան, Գևորգյանն ասել է, որ դա քաղաքապետարանի պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի գծի սեփականատեր հանդիսացող ընկերությունը:
Epress.am-ի զրուցակիցը նաև տեղեկացրել է, որ փետրվարից արդեն աստիճանաբար կգծվեն նոր ավտոբուսների երթուղագծերը: Նա հույս է հայտնել, որ այդ ավտոբուսների շնոհիվ միկրոավտոբուսների քանակը մայրաքաղաքում որոշակիորեն կկրճատվի: Գևորգյանի խոսքով` դա, իհարկե, չի նշանակում, որ տրանսպորտի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, բայց իրավիճակը որոշակիորեն կմեղմվի: