Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը: Այս մասին այսօր Հայաստանի Հելսյինկյան կոմիտեի կողմից կազմակերպված ցմահ ազատազրկվածների խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ հայտարարել է հարցին վերաբերող վերլուծության անցկացման մեջ ներգրավված Զարուհի Մուրադյանը:
Քննարկմանը ներկայացվել է «Ցմահ դատապարտվածների աջակցության քաղաքացիական նախաձեռնության» անցկացրած աշխատանքների արդյունքները, որոնք ամփոփում են հայատանյան կոնկրետ դեպքերի մանսրամասն վերլուծությունը և համեմատում դրանք այլ երկրների իրավիճակի հետ:
Ամփոփելով իր ելույթը ` Զարուհի Մուրադյանը նկատել է, որ թեև Հայաստանում ցմահ դատապարտվածների ցանկը միատարր չէ, կան տարբերություններ` հանցանքի իրականացման ժամանակ հանցագործի տարիքի, նախկինում դատվածություն ունենալու և այլ մանրամասների հետ կապված, այդ հանգամանքները հաշվի չեն առնվում, դրանց հետ կապված օրենսդրական տարբերությունները չկան:
104 ցմահ դատապարտյալններից 41-ը դատապարվել է մեկ անձի սպանության մեղադրանքով, որոնցից 26-ը` առաջին դատվածությամբ, 26-ից 2-ը` պատժից կրել են արդեն 15 տարի: 100 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով` 18-20 տարեկանում: 100-ից 59-ը դատապարտվել են երկու և ավելի անձանց սպանության համար: Ըստ քննարկման մասնակիցների` այս հանգամանքային առանձնահատկությունների անտեսումը օրենսդրության մեջ հանգեցրել է նրան, որ չկան դրանց հետ կապված դատավճռի որշման տարբերություններ: Հաշվի առնելով այս բացթողումը` «Ցմահ դատապարտվածների աջակցության քաղաքացիական նախաձեռնությունը» քննարկման ավարտին հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը: Հաշվի առնելով այն փաստը, որ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունումից և 2011 թ-ի մայիսի 23-ին օրենգրքում փոփոխություններ ընդունելուց հետո քրեական գործերը չեն վերանայվել` նախաձեռնությունը նաև հորդորել է գործերի իրական վերանայումներ սկսել: