2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն (ՕԵԿ) արդեն մեկ շաբաթ է Գյումրիում սկսել է կուսակցության նախընտրական բուկլետները տարածել:
Մասնավորապես, քաղաքի Անի թաղամասում ՕԵԿ-ի նախընտրական բուկլետները մարդիկ գտնում են իրենց դռների մոտ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է գյումրեցի Վահագն Խաչատրյանը:
«Այդ բուկլետներից կարելի է տեսնել նաև փողոցում, պատռված, գցած: Ուշագրավ է, որ մենք այս ամբողջ ընթացքում որևէ բուկլետ բաժանողի չենք հանդիպում: Նրանք գիշերով են տարածում բուկլետները», – ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, «նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ», սակայն միևնույն ժամանակ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
Ի դեպ, նշենք, որ բուկլետների վրա գրված է, որ դրանք տպագրված են «Տիգրան մեծ» տպարանում, 70000 օրինակով: