Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպել են ՀՀ նախկին արտգործնախարարները` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն, նախկին արտգործնախարարները քննարկել են ընդհանուր ձևաչափով դաշինք ստեղծելու հնարավորության հարցը:
Տեղեկությունները ճշտելու համար «ՉԻ»-ի թղթակիցը զանգահարել է «Սիվիլիթաս» հիմնադրամ, որի աշխատակիցն ասել է, որ իրավասու չէ պատասխանել հարցերին, իսկ նա, ով կարող է պատասխանել, 18:00-ից հետո տեղում չէ: Աշխատակիցը խոստացել է հեռախոսահամարը փոխանցել «Սիվիլիթասի» մամուլի քարտուղարին: Վերջինս «ՉԻ»-ի թղթակցին չի զանգել: Հեռախոսազանգերին չի պատասխանել նաև Ալեքսանդր Արզումանյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ «Ազատ դեմոկրատները» քննարկումներ են անցկացրել «Ժառանգության» հետ: Ըստ թերթի աղբյուրների, «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինք կազմել «Ազատ դեմոկրատների» հետ, եթե վերջիններս պարտավորվեն 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Դրա դիմաց «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակում. երկու տեղ` առաջին հնգյակում, երեք տեղ` երկրորդ հնգյակում: Եթե առաջիկա ընտրություններին դաշինքն ԱԺ-ը չի անցնում նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու պայմանը ջնջվում է:
«ՀԺ»-ն նաև գրում է, որ երեկ Ալեքսանդր Արզումանյանը և Վարդան Օսկանյանը երկար առանձնազրույց են ունեցել «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի նախասրահում, որից հետո ուղևորվել են «Սիվիլիթաս» հիմնադրամ: