Նախագահական նստավայրի մոտ այսօր իրենց բողոքի ակցիան են շարունակում Արամի, Սարյան, Բուզանդի և Եկմալյան փողոցների նախկին բնակիչները: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նախագահ, պատասխան», սակայն նախագահի նստավայրից նրանց դեռևս ոչ ոք չի մոտեցել:
Ակցիայի մասնակից, խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը պատմել է, որ իրենք այսօր որոշել էին նամակ ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն բնակիչների մի մասին այս պահին կանչել են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության:
«Հարցաքննության կանչելը կանխամտածված է, քանի որ լավ գիտեին, որ մենք պատրաստվում ենք վաղ առավոտյան գալ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում սպասել, մինչև Սերժ Սարգսյանը կժամանի նստավայր: Մենք հույս ունենք, որ գուցե այս միջոցով կկարողանանք նրան հանձնել նամակն ու կստիպենք մեզ վրա ուշադրություն դարձնել: Հատուկ քննչականում հարցաքննելը հատուկ դիտավորությամբ է արվել, որպեսզի մեր խումբը մասնատված լինի և ուշադրություն չգրավի: Սրա հետևանքով էլ նամակում քիչ են բնակիչների ստորագրությունները, բայց մենք այստեղ ենք և սպասում ենք, որ հարցաքննվող բնակիչները կգան նստավայր ու կմիանան մեզ», – ասել է Մաղաքյանը: