Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի կինը` Լորենը, բացահայտել է ամուսնու կյանքի վերջին րոպեների սենսացիոն մանրամասները:
Վերջին տեքստը, որ Ջոբսը կարդացել է մահից առաջ, եղել է Apple-ի վաղեմի հակառակորդ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի նամակը:
Այն հայտնաբերել է Սթիվ Ջոբսի կինը` ամուսնու բարձի կողքին:
Միայն նրա մահից հետո է կինն իմացել, որ Սթիվը կյանքի վերջին օրերին ամեն երեկո ննջարանում կարդում էր իր հակառակորդի նամակը:
«Սթիվի մահից անմիջապես հետո ես զանգահարեցի Բիլին: Նա պատմեց ինձ, որ որոշել էր հրաժեշտի նամակ գրել ամուսնուս, երբ հասկացել էր, որ նրա ճակատագիրը վճռված է: Պարզվում է` նամակում Բիլն իր հիացմունքն է հայտնել Սթիվի կողմից ստեղծված ընկերությամբ, ընդունել է, որ երջանիկ է ճանաչելու նրա ընտանիքին ու ընկերներին: Նա ասել է, որ Սթիվը հանճար է, և ներողություն է խնդրել ամեն ինչի համար: Ճանաչելով ամուսնուս` կարող եմ վստահորեն ասել, որ նրա սիրտն ամեն անգամ կտոր-կտոր էր լինում այդ տողերն ընթերցելիս»,- պատմել է Լորեն Փաուելը:
Ջոբսի կինը նաև խնդրել է Գեյթսին չկարդալ Ուոլթեր Այզեքսոնի հեղինակած «Սթիվ Ջոբս» գիրքը` վստահեցնելով, որ «թվային աշխարհի երկու դարաստեղծ մարդկանց կերպարների միջև փոխհարաբերություններն այնտեղ խեղաթյուրված են»:
Այզեքսոնի կողմից գրված կենսագրության համաձայն` Ջոբսը հաճախ բացասաբար էր արտահայտվում Գեյթսի մասին և չէր սիրում նրան:
Լորենը խոստովանել է, որ Սթիվի համար շատ թանկ էր Microsoft-ի հիմնադրի նամակը և մահից առաջ այն անկողնու մոտ էր պահում:
«Գիտեմ և հիշում եմ Սթիվի ամեն մի արտահայտությունն իմ մասին: Ամենից հաճախ նա նմանատիպ մի բան էր ասում, թե ես փլուզել եմ Microsoft-ը և ավելի լավ է թողնեմ բիզնեսն ու հեռանամ երկրից: Մի խոսքով` ականջի համար այնքան էլ հաճելի բաներ չէին: Բայց 2007 թվականին, երբ կնոջս հետ բարեգործական հիմնադրամ ստեղծեցինք, ես Ջոբսի հետ համատեղ միջոցառում անցկացրի: Եվ հասկացա, որ նա շատ լավ մարդ է,- խոստովանել է Գեյթսը.- Ես անգամ այցելել եմ նրան մահից մի քանի ամիս առաջ: Իսկ ավելի ուշ հրաժեշտի նամակ եմ գրել նրան` հուսալով, որ գոնե դա մի փոքր կթեթևացնի նրա ողբերգական վիճակը»: