Home / Հայաստան / Սյունիքի մարզպետը թեկնածուական թեզ է գրել

Սյունիքի մարզպետը թեկնածուական թեզ է գրել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել և դառնալ պատմական գիտությունների թեկնածու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այդ առնչությամբ թերթը բացատրություններ է խնդրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանից, ով նշել է, որ աշխատանքը դեռևս չի ներկայացվել պատմության մասնագիտական խորհրդի քննարկմանը, բայց, իր տեղեկություններով, քննարկվել է մանկավարժական համալսարանում:

«Որ կատարել է, լսել եմ։ Որքան գիտեմ՝ Սյունիքի պատմությանը նվիրված, 18-20 թվերի հարցերին վերաբերող։ Վերնագիրը չեմ կարող ասել», – ասել է Մելքոնյանը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Մելքոնյանը վերաբերվում պատմական գիտությունների թեկնածու դառնալու մարզպետի գաղափարին, պրոֆեսորը պատասխանել է.

«Ես ասել եմ, որ բնականաբար գիտությամբ առաջին հերթին պետք է զբաղվեն գիտնականները։ Ես խանդավառ չեմ, որ վարչական աշխատողները զբաղվեն գիտությամբ, որովհետև դրա ժամանակը չունեն, ոչ էլ դրա հնարավորությունը՝ խորությամբ գիտությամբ զբաղվելու համար»։

Նա հավելել է, որ նման դատողություն անում է պրակտիկայից ելնելով, քանի որ մարզպետի աշխատանքին ծանոթ չէ: