Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ սփյուռքահայ Ժորժ Թովմասյանի կողմից ներկայացված բողոքի դատական քննությունը:
Ժորժ Թովմասյանի ներկայացուցիչները բողոքում են, որ «Դերշին» ընկերությունը գործարարից խլել է 30 միլիոն դրամ: Դատական նիստի ընթացքում Ժորժ Թովմասյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը պահանջում էր վերացնել Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Կ.Սահակյանի` կայացրած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ:
Պաշտպանը պատմել է, որ սփյուռքահայ Թովմասյանը, ով տարիներ շարունակ ապրել է Գերմանիայում, որոշել է իր կյանքի մայրամուտին վերադառնալ Հայաստան: Թեև տարիներ առաջ նա Հայաստանի իրավապահ մարմինների խաբեության զոհ էր դարձել (Արցախյան գոյամարտի ազատամարտիկներին օգնելու համար նրա փոխանցած 9000$ կորել է), 2010թ. մայիսից նա որոշել է տուն կառուցել Հայաստանում և ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա պայմանավորվածություն է ձեռք բերել «Դերշին» ընկերության տնօրեն Էդիկ Ստեփանյանի հետ, ով պարտավորություն է ստանձնել կարարել տան կառուցումը:
Այդ ժամանակից ի վեր Թովմասյանը 75 միլիոն դրամ, կանխիկ դրամային փոխացնումներ է արել ՍՊԸ-ին` ստանալով համապատասխան լիազորագրեր` ընկերության կնիքով և ստորագրություններով:
Սակայն այժմ, անկախ փորձագետների գնահատմամբ, 45 միլոն դրամի աշխատանք է կատարվել տան վրա, այսինքն` 30 միլիոն դրամ շորթել են:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Ժորժ Թովմասյանը, այս բացահայտումը հնարավոր է ապացուցել, քանի որ շենքը կառուցվել է Վահագնի թաղամասում, որի տարածք բերված ողջ շինանյութերը հաշվվել և հաշվետվության մեջ պահվել են: Այսպես` պարզ է դարձել, օրինակ, որ Ժորժ Թովմասյանից ուզելով 564 խմ բետոն ներկրելու համար գումար և հաշվելով շուկայականից բարձր գնով` Էդիկ Ստեփանյանը տան վրա օգտագործել է միայն 360 խմ:
«Սկզբից մինչև վերջ խաբում են: Իմ փաստերին, կնիքով ու ստորագրություններով փաստաթղթերին քննիչը չի հավատում, այլ հավատում է նրանց սուտ խոսքերին»,- զայրացած ասել է Ժորժ Թովմասյանը:
Պատասխանող կողմը ներկայացնող դատախազ Արսեն Պեկինյանը` ի պատասխան հայցվոր կողմի բերած փաստարկներին, դրանք որակել է որպես անհիմն: «Այս վեճում չկան քրեական հանցագործությունների համար հատկանիշներ: Սա զուտ քաղաքացիական գործ է և պետք է քննվի քաղաքացիական դատարանում»,- ասել է Արսեն Պեկինյանը:
Սամվել Ջաղինյանի դիտարկմամբ` նման մեծ չափի գումարների վեճը ֆիզիկական անձերի տրված գումարներր համարելն անհասկանալի է, երբ պատասխանատվության են ենթարկվում նույնիսկ մի քանի հազար դրամի չեքից խուսափելու դեպքում:
Դատավոր Մխիթար Պապոյանը չի բավարարել հայցը: Սամվել Ջաղինյանի խոսքով` կողմը կդիմի Վճռաբեկ դատարան:
«Սփյուռքի նախարարը ասում է` եկեք տուն: Գանք տուն, որ մեզ թալանե՞ն: Իմ պատմությունների պես բաներ լսում են դրսում ու չեն գալիս: Բայց ես չեմ գնա: Ես կպայքարեմ իմ իրավունքների համար»,- ասել է Ժորժ Թովմասյանը:
Լուսանկարը` panoramia.com-ից