Ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը թիմի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չի ընդգրկել Ուկրաինայի առաջնության վերսկսումից հետո առաջին գոլի հնարավոր հեղինակների ցուցակի մեջ:
Ակումբի մամլո ծառայությունը նշում է, որ քվեարկությունը կանցկացվի մի փոքր անսովոր սխեմայով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ֆուտբոլասերները ուրիշներին հաղթանակի հնարավորություն պարզապես չեն թողնում, բացի իրենց հայրենակցից, մենք հարցն այսպես կձևակերպենք. «Բացի Հենրիխ Մխիթարյանից, էլ ո՞վ առաջին գոլի հեղինակ կդառնա Ուկրաինայի առաջնությունում»:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի երկրպագուները հաճախ ամսվա, տարվա, լավագույն խաղացողի, լավագույն գոլի հեղինակի վերաբերյալ համացանցային տարբեր հարցումների ժամանակ խեղաթյուրում են քվեարկության իրական պատկերը` նախապատվություն տալով բացառապես իրենց կուռքերին: Այսպես, օրինակ, Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Մխիթարյանը և «Կրասնոդար» ակումբի անդամ Յուրա Մովսիսյանը, չնայած նրան, որ լավ ֆուտբոլ են ցուցադրում և էական ներդրում ունեն իրենց թիմերի հաղթանակների գործում, այդուհանդերձ, հարցումների ժամանակ էապես գերազանցում են այդ պահին իրենցից ավելի արժանի գործընկերներին:
Այս նորությունը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Օրինակ, Felo Poladyan օգտատերը գրում է. «Բոլորս քվեարկում ենք Չիժովի օգտին, ես արդեն քվեարկել եմ, առաջ Չիժ, դու հայերի նոր կուռքն ես (Հենրիխից հետո, իհարկե): Իսկ առաջին գոլի հեղինակ ամեն դեպքում կդառնա Հենոն»:
Ruslan Ahmedov-ը գրում է. «Դե բոլորին չես գոհացնի: Անձամբ ես ուզում էի Հենրիխի օգտին քվեարկել, բայց քանի որ նա չկա, Ադրիանոյի օգտին կքվեարկեմ: «Շախտյորի» հայ երկրպագուներին ես հասկանում եմ, դա հայրենասիրություն է, և դա նորմալ է: Պարզապես բոլորը պետք է հարգեն միմյանց »
Պյոտր Բելեվցով. «Հարգելի հայեր, իսկ ինչո՞ւ եք նեղանում: Հարցն ինչպե՞ս է հնչում: Ո՞վ, բացի Հենրիխից… այսինքն արդեն վստահ են, որ նա առաջինը կխփի, բայց տարբերակ էլ կա, որ ինչ-որ ուրիշ մեկն էլ գոլի հեղինակ կդառնա, դե դրա համար էլ առանց Հենրիխի են հարցում անցկացնում»:
Arthur Oganyan. «Իմ վրա դա չազդեց, ուղղակի ծիծաղս եկավ)))))))): Անգամ եթե աշխարհի բոլոր հայերը քվեարկեն Հենրիխի օգտին, միևնույն է, մեր ձայները չեն բավարարի: Իսկ դուք հաշվեք հայերի և ուկրաինացիների թվաքանակը ողջ աշխարհում: Ինձ մոտ հարց է ծագում (նախապես ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորել), իսկ ո՞վ է խանգարում ուկրաինացի երկրպագուներին քվեարկել իրենց սիրելի խաղացողների օգտին և երկրորդը. որտեղի՞ց է հայտնվել այն տեղեկությունը, թե Հենրիխի օգտին քվեարկում են միայն նրա հայրենակիցները»:
Վիկտոր Շոպավալով. «Ուկրաինացի երկրպագուները արդար են քվեարկում, մեկը`հայի, մեկը` խորվաթի, մեկը` բրազիլացու կամ ուկրաինացու օգտին, իսկ հայերի 99%-ը Հենրիխի համար, դու ինքդ դա մեզնից լավ գիտես: Դուք Հենոյին եք երկրպագում, ոչ թե թիմին, եթե վաղը, տա Աստված, նա տեղափոխվի Բարսա, ապա այնտեղ էլ ամենուր նա առաջին տեղում կլինի: Իսկ այս կայքից հայերի 99%-ը կանհետանա: Իրատես եղիր»:
Gor Sargsyan. «Վիկտոր Շապավալով, ես համաձայն եմ քեզ հետ»: