Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ուկրաինական պատվիրակությանը չհաջողվեց փաստաթուղթ ստորագրել, որը թույլ կտար գազի ներկրման հարցում նվազեցնել Ռուսաստանից ունեցած կախվածությունը: Հեղուկ գազի մատակարարման մասին վերջնական փուլ դուրս բերված բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի պոտենցիալ գործընկերների կողմից, որոնք ոչ պաշտոնապես իրենց դժգոհությունն են հայտնել Սևծովյան տարածաշրջանում Կիևի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: «Եթե ուզում են Ադրբեջանից գազ գնեն, թող Հայաստանին զենք չվաճառեն»,- «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հետ զրույցում պարզաբանել է Ուկրաինայի իշխանական մարմինների լավատեղյակ աղբյուրը:
Ուղիղ մեկ տարի առաջ Դավոսի համաժողովի շրջանակներում ուկրաինական և ադրբեջանական պատվիրակությունները բնական հեղուկ գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ էին ստորագրել:
«Այնտեղ խնդիրներ առաջացան, որոնք անմիջականորեն պայմանավորված չէին գազի մատակարարման հետ: Սա մաքուր քաղաքականություն է. նախորդ տարվա ամռանն ու աշնանը ուկրաինական կողմը մի քանի լուրջ նախազգուշացում էր ստացել ադրբեջանական իշխանություններից Հայաստանին զենքի վաճառքը դադարեցնելու նպատակահարմարության մասին: Երևանը մեզնից տարբեր տեսակի զենք և ուսումնառազմական ինքնաթիռներ է գնել: Նման վաճառքի մասին միջազգային արգելքներ չկան, բայց հասկանալի է, որ Ադրբեջանին դա դուր չի գալիս: Մենք չլսեցինք նրանց այն ժամանակ, իրենք էլ հիմա դեմարշ իրականացրեցին»,-ասել է «ՆԳ»-ի աղբյուրը: