Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը Շվեյցարիայում քննադատել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` հայտարարելով, որ «այս ջանքերը գոյատևելու շանս չունեն»:
Ըստ Բաղիշի` Թուրքիան օրինագիծն արդեն ուժը կորցրած է համարում:
«Մենք հավատացած ենք, որ Ֆրանսիայում խելամիտ մարդիկ ավելի շատ են, քան խենթերը», – ասել է Բաղիշը:
«Ես այսօր Շվեյցարիայում եմ և ասում եմ, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չէին: Թող գան ու ձերբակալեն ինձ», – ասել է Բաղիշը:
Նշենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի համաձայն, ռասիզմի դրսևորումները, այդ թվում` Ցեղասպանության հրապարակային ժխտումը հետապնդվում են օրենքով: Շվեյցարիայի իշխանությունները նշում են, որ իրենց երկրում գործող օրենքը նման չէ Ֆրանսիայի Ցեղասպանության մասին օինագծին և ավելի շատ այլատյացության դեմ պայքարելու միտում ունի:
Բաղիշը վստահություն է հայտնել, որ այս օրենքները ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր: