2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչներն ու այդ գործով որպես մեղադրյալներ անցնող երիտասարդների պաշտպաններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք բոլորը դեմ են, որ այդ գործով դատական նիստերն անցկացվեն Տավուշի մարզում:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին նշանակված դատի ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանը որոշում էր կայացրել այդ դատը նորից Տավուշի մարզում անցկացնելու վերաբերյալ, ինչն էլ առաջացրել է կողմերի դժգոհությունը:
2011 թվականի հոկտեմբերին հենց դատավոր Մարդանյանն էր որոշում կայացրել նիստերը Տավուշից բերել Երևան:
Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, հայտարարել է, որ տուժող կողմը բոյկոտելու է Իջևանում անցկացվող դատական նիստերը:
Իսկ տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրել է, թե գործի Իջևան տեղափոխելը ինչ նպատակ է հետապնդում:
«Իրենք ցանկանում են արագ, տնավարի այդ գործի դատաքննությունը ավարտել: Ես համոզված եմ, որ վկաների մեծ մասը չի ներկայանալու դատարան: Նրանք դատարանին դիմումներ են ներկայացնելու, որ մենք խնդրում ենք հիմք ընդունել մեր նախաքննական ցուցմուքնները, և դատարանը բավարարվելու է` ընդամենը նախաքննական ցուցմունքները հրապարակելով և դրանք դնելով ապագայում կայացվելիք դատական ակտի հիմքում: Կարող ենք փաստել, որ դատավոր Մարդանյանն արդարադատություն չի իրականացնում և արդարադատություն իրականացնելու նպատակ չունի»,- ասել է Շուշանյանը:
Նրա խոսքով` դատի տեղափոխման նպատակներից մեկն էլ այն էր, որ Երևանի Շենգավիթի դատարանում, որտեղ տեղի էին ունենում դատական նիստերը, իրականացվում էր հրապարակային բաց դատական քննություն, որին մասնակցում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, և վկաների հարցաքննությունը մեղադրող կողմի համար շատ բարդ և անկանխատեսելի սցենարով էր ընթանում:
«Այն, ինչ իրենք նախատեսում էին մեկ-երկու նիստով տվյալ վկայի հարցաքննությունը ավարտել, այդ նպատակին կարծես թե չկարողացան հասնել: Խոսքը վկա Արման Մնացականյանի մասին է, որը դեռևս դեկտեմբերի սկզբին պետք է զորացրվեր, բայց ապօրինի պահվում էր զինվորական ծառայության մեջ, չէին զորացրում նրան, քանի դեռ նա դատարանում իր ցուցմունքները չէր ավարտել: Ի վերջո ստիպված եղան Արման Մնացականյանի հարցաքննությունը տեղափոխել այս տարվա հունվար, նրան զորացրել, թեպետ նրա նկատմամբ կիրառվեց նոր պաշտպանության միջոց»,- ասել է Շուշանյանը:
Գործով անցնող մեղադրյալներ Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի և Մխիթար Մխիթարյանի փաստաբան Ալվարդ Մնացականյանն էլ նշել է, որ իրենք նույնպես դեմ են, որ դատը տեղափոխվի Իջևան, քանի որ իր պաշտպանյալների համար դժվարություններ են առաջանում:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիորսյանն էլ նշել է, որ այս ամենի ստվերային հեղինակը ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն է: Վերջինս նաև ասել է, որ դատավորի և մեղադրյալների համար անակնկալ էր այն, որ տուժող կողմը և մեղադրյալների կողմը կմիավորվեն, բացի դա, նրանք տուժողի կողմից նման ակտիվություն չէին սպասում, այդ պատճառով էլ, ըստ Մարտիրոսյանի, նրանք դատի անցկացումը տեղափոխեցին Իջևան:
Ի դեպ, վաղը նշանակված է այս գործով դատական նիստ: