Home / Հայաստան / Մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը ցանկանում է, որ «Պրեսկոտներին Հայաստան չթողնեն»

Մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը ցանկանում է, որ «Պրեսկոտներին Հայաստան չթողնեն»

Այսօր 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանը կդռանար 27 տարեկան: Այսօր ժամը 15.00-ին Տիգրան Խաչատրյանի հարազատները և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները կգնան գերեզմաններ` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Epress.am-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը  անդրադարձել է մարտի 1-ի գործով ընթացող քննությանը, մասնավորապես, ԵԽԽՎ հայաստանյան հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի` հունվարին Հայաստան կատարած այցին` նշելով, որ «չնայած հուզված է, բայց մի քանի բան Պրեսկոտի մասին կասի»:

«Սրանից հետո, եթե Պրեսկոտը գա Հայաստան, ապա ոչ թե հանդիպում ենք խնդրելու, այլ բողոքի ակցիա ենք անելու ԵԽԽՎ-ի շենքի մոտ, որ Պրեսկոտներին չթողնենք գալ Հայաստան: Ու եթե նա հանդիպում էլ խնդրի չենք հանդիպելու իր հետ: Նա ոտքի վրա մեզ հետ հանդիպում է, հետո գնում է  հեռուստատեսությամբ այլ բան է ասում: Մենք Պրեսկոտներից որևէ սպասելիք չունենք»,- ասել է Ալլա Հովհաննսիյանը` նշելով, որ Պրեսկոտը ոչինչ չի անում արդար քննությանը աջակցելու համար:

Նա նաև ասել է, որ եթե Հայաստանը ԵԽ անդամ է, ապա «չի կարելի մեր ազգին այդպես ծաղրել, քանի որ մենք ստրուկ չենք»: Հովհաննիսյանը նշել է, որ Պրեսկոտի այցերը ձևական բնույթ են կրում:

Նրա խոսքով` մարտի 1-ին զոհվածների ծնողները գիտեն, որ Պրեսկոտի պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, բայց եթե բախտ վիճակվեր ու նա դարձյալ գար Հայաստան, ապա իրենք անպայման բողոքի ակցիա կանեին: Ալլա Հովհաննիսյանը նշել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում, բայց վստահեցրել է, որ մյուս զոհերի հարազատները ևս համամիտ են իր հետ: