Սիրիացի ապստամբները թույլ չեն տվել նախագահ Բաշար Ասադի ընտանիքին փախչել երկրից, գրում է The Jerusalem Post-ը: Ընդդիմության ներկայացուցիչները հաղորդել են, որ հունվարի 29-ին նախագահի բարեկամները ցանկացել են հեռանալ երկրից, սակայն ապստամբների և անվտանգության ծառայության աշխատակիցների միջև սկսված փոխհրաձգության արդյունքում նրանց մտադրությունը հնարավոր չի եղել իրագործել:
Սիրիայի անվտանգության ծառայությունները փորձել են Դամասկոսից դուրս բերել նախագահի կնոջը` Ասմա Ասադին, նախագահի երեխաներին, մորն ու զարմիկին: Ընդդիմության տվյալների համաձայն` մի քանի մեքենաներով շքախումբը շարժվում էր ինքնաթիռի կողմ, երբ ապստամբները հարձակում են գործել: Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, և մեքենաները ստիպված են եղել վերադառնալ նախագահական նստավայր, հայտնում է Lenta.ru-ն:
Դամասկոսի շուրջ շարունակվում են բախումները ընդդիմության և իշխանության աջակիցների միջև: Reuters-ի տվյալներով` իշխանական զորքերը վերականգնել են հսկողությունը սիրիական մայրաքաղաքի մերձակա հատվածներում:
Երկրում չդադարող բախումների արդյունքում Արաբական պետությունների լիգան հունվարի 28-ին որոշել է դադարեցնել իր դիտորդական առաքելությունը: Մինչ այդ Բաշար Ասադը մերժել էր հրաժարական տալու և իշխանությունը ժամանակավոր կառավարությանը հանձնելու վերաբերյալ Լիգայի առաջարկը:
Սիրիայում իշխանությունների և ապստամբների միջև բախումների ընթացքում, որոնք սկսվել են 2011 թվականի մարտին, զոհվել է առնվազն 5400 մարդ: