ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդիպման համար առիթ են գտել: Առաջիկա զրույցի թեմա է հայտարարված երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումն ու Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Սակայն, փորձագետների խոսքով, հանդիպման ընթացքում կքննարկվի Թբիլիսիի մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմին:
ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է անցկացնել երկուշաբթի` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի օրը:
Փորձագետները նշում են, որ քննարկման հիմնական թեման կլինի Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:
Ըստ քաղաքագետների` ԱՄՆ-ն հույս ունի Իրանի շուրջ իրավիճակի լարվածության մեծացման դեպքում օգտագործել Վրաստանի տարածքը որպես նյութատեխնիակական հարթակ: Վերջին տարիներին Վաշինգթոնը հենց այնպես չէ, որ վերակառուցում էր Վազիանիի և Մարնեուլի, ինչպես նաև Բաթումիի ռազմական օդանավակայանները:
Միաժամանակ, մասնագետների կարծիքով, պատերազմի դեպքում Վրաստանն ԱՄՆ-ի համար շատ ավելի հուսալի դաշնակից կլինի, քան Թուրքիան կամ Իրանի այլ հարևան պետություններ: «Ես չեմ բացառում, որ իշխանությունը պահպանելու համար Սահակաշվիլին կմտնի Իրանի դեմ ռազմական արշավի մեջ,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Դա կարող է իսկական աղետ դառնալ մեր երկրի համար: Իրանի դեմ պատերազմը չպետք է ընթանա մեր երկրի տարածքից»:
Որոշ փորձագետներ, սակայն, այլ կարծիքի են: Նրանք վստահ են, որ Վրաստանը չի կարողանա իսկական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին Իրանի դեմ պայքարում: «Իհարկե, ԱՄՆ-ին հարմար է ռմբակոծել Իրանի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտները Հարավային Կովկասի տարածքից: Բայց Վրաստանն Իրանի հետ ընդհանուր սահման չունի, իսկ Հայաստանը կամ Ադրբեջանը դժվար թե իրենց համաձայնությունը տան»,- կարծում է «Արսենալի» ռազմաքաղաքական-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին: