Վրաստանում հունվարի 30-ին այն կին կալանավորները, որոնց երեխաներին վերցնում և մանկատուն են հանձնում, անժամկետ հացադուլ են հայտարարել:
Ինչպես լրագրողներին հայտնել է «Նախկին քաղբանտարկյալները հանուն Մարդու իրավունքների» Հ/Կ-ի ղեկավար Նանա Կակաբաձեն, 5 կանանց երեխաներ մինչև երեք տարեկան են և բանտային վարչակազմը որոշել է նրանց տեղափոխել մանկատուն, գրում է «Ինտերֆաքսը»:
«Բանտարկյալները պահանջում են փոփոխել օրենքը, որպեսզի իրենց չզրկեն երեխաներից: Ինչպես հայտնի է, դա ոտնահարում է նաև երեխայի իրավունքները, քանի որ նա ծնողների հետ գտնվելու հնարավորություն ունի, բայց փաստորեն ստիպված է լինում մեծանալ առանց մոր: Դատելով հանցագործությունների բնույթից` կարելի է ասել, որ նրանք դեռ երկար ժամանակ ստիպված կլինեն բանտում անցկացնել և ոչ ոք չգիտի, թե երբ կկարողանան տեսնել իրենց երեխաներին»,-հայտարարել է Կակաբաձեն:
Նրա խոսքով` հացադուլի ակցիայով բանտարկյալները փորձում են հանրության և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել իրենց խնդրին:
Ինչպես հայտնել է Կակաբաձեն, կալանավորները խնդրանքով դիմել են նաև վրացական իշխանությունների ներկայացուցիչներին և նախագահի կնոջը` Սանդրա Ռուլոֆսին, սակայն ապարդյուն: Իրավապաշտպանի խոսքով` բանտարկյալների խնդրանքն անպատասխան է մնացել: