Հովհաննես Թումանյանի` Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող թբիլիսյան տան ձեռքբերման գումարը կվճարի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (նկարում): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նա նշել է, որ Գյումրին արվեստի կենտրոն է, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու իր եղբայրը արվեստասեր անհատներ են, ուստի պատրաստ են իրենց խնայողություններով գնել Թումանյանի տան սեփականատեր Արչիլ Դեժավայի 120 քմ տարածքը ու նվիրել այն վրաստանյան հայ համայնքին: Անանյանն ասել է, որ, համաձայն, վրաստանյան անշարժ գույքի գործակալությունների, բնակարանի 1 քմ մետրի գինը քաղաքի տվյալ հատվածում կարող է կազմել 800-ից 1300 դոլար: Նշենք, որ տան մյուս հատվածը պատկանում է Թումանյանի թոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում երկար բանակցություններից ու բավական ծավալուն քննարկումներից հետո առաջարկվեցին մի շարք տարբերակներ՝ հիմնադրամ բացել, հայտարարել համաժողվրդական դրամահավաք: Քանի որ թվարկած տարբերակները ժամանակատար էին, իսկ բնակարանի սեփականտեր Դեժավան մեկ ամիս ժամանակ էր մեզ տվել, ի վերջո կայացվեց ճիշտ որոշումը: Գործարարի (նկատի ունի Գյումրիի քաղաքապետին) հայտնած ցանկությունը՝ գնել տունն ու այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին, ընդունվեց միաձայն», – ասել է Անանյանը:
Նա տեղեկացրել է, որ չնայած ինքը հավատում է Ղուկասյանի բանավոր խոսքին, այնուամենայնիվ, պարտավորագիր է վերցրել նրանից:
Անանյանը հերքել է մամուլում տարածված այն լուրերը, որ տունը գնելու ցանկություն էր հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և հորդորել է չքաղաքականացնել թեման:
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հավաստիացրել է, որ բնակարանի ձեռքբերման հենց առաջին պահից իրենց միությունը կստանձնի տան շահագործման աշխատանքները՝ դարձնելով այն մշակութային կենտրոն, որը հագեցած կլինի հայկական ոգով:
Լուսանկարը` hraparak.am