Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից Ֆրանսիային հետ կանչելը հենց այդ կառույցի իրավասության տակ է: Ըստ 1news.az-ի` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան` մեկնաբանելով ադրբեջանական և թուրքական հանրության համապատասխան պահանջը:
«Կարծում եմ, որ վերջին օրերին նման հայտարարությունները և ելույթները արդեն դուրս են գալիս բոլոր թույլատրելի սահմաններից, և ես չեմ կարծում, որ դա ճիշտ է և իրականությունն է արտահայտում»,- ասել է Կոբիան:
Նրա խոսքով` համապատասխան որոշում կայացվել է ազգային հողի վրա, իսկ «Եվրամիությունը ազգային որոշումների մեջ խառնվելու իրավասություն չունի»:
«Անկասկած, սա շատ լուրջ քայլ է, ինչ-որ մեկը դրան դրական է վերաբերվում, ինչ-որ մեկը` բացասաբար, բայց Եվրամիությունը չի կարող խառնվել այդ հարցին»,- ընդգծել է Կոբիան:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքական և ադրբեջանական հանրությունը Եվրամիությունից պահանջում է դուրս բերել Ֆրանսիային Մինսկի Խմբի կազմից` իրենց պահանջը բացատրելով այն հանգամանքով, որ Ֆրանսիան այսուհետ չի կարող անկողմնակալ վերաբերմունք դրսևորել խնդրի առնչությամբ: