Home / Հայաստան / Ադրբեջանցի զինվորը Ղարաբաղից ընտանիքին նամակ է գրել, որ ողջ-առողջ է և տուն է ուզում

Ադրբեջանցի զինվորը Ղարաբաղից ընտանիքին նամակ է գրել, որ ողջ-առողջ է և տուն է ուզում

Ադրբեջանական պարբերականներն այսօր հրապարակել են Ղարաբաղի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողի նամակը` ուղղված ընտանիքին:

Հունվարի 23-ին գերի ընկած 22-ամյա զինվորը, նրա հոր` Թալիբ Ախունզադեի խոսքով, գրում է, որ ողջ-առողջ է: «Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ողջ-առողջ եմ: Ինքս չգիտեմ` ինչպես եմ գերի ընկել: Ուզում եմ վերադառնալ: Շատ եմ ուզում վերադառնալ»:

Հայրը նաև հայտնել է, որ ընտանիքն էլ իր հերթին է նամակ գրել որդուն` Մամեդբագիրին. «Քո հայրն ու մայրը, բոլոր հարազատներդ, հարևաններն անհամբերությամբ սպասում են քեզ: Ուզում ենք, որպեսզի դու Աստծո օգնությամբ տուն վերադառնաս»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին`15:30-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանավորել էին ԱՀ Լենքորանի շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագիրի Թալիբ-օղլուին: Նա Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր եղել, առանց տարբերիչ նշանների:

ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել էին Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին: