Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու վերաբերյալ վերջին դատական նիստի նախօրեին նրա մայրը կոչ է արել բոլորին Wikileaks-ի հիմնադրամին շտապ նվիրատվություն անել:
Ջուլիան Ասանժի ամենաեռանդուն պաշտպան Քրիստին Ասանժը Twitter միկրոբլոգի միջոցով հանդես է եկել Ասանժի կողմնակիցներին ուղղված կոչով:
«Ջուլիանին պետք է ձեր օգնությունը. ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՔ նրա աջակցության հիմնադրամին: Վճարման բազմաթիվ ձևեր կան»,- ասված է Ասանժի մոր հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին Շվեդիայում տրված համաեվրոպական օրդերի համաձայն: Երկու կանայք մեղադրում են 40-ամյա ավստրալացուն բռնաբարության և սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելու մեջ:
Հուլիսին Լոնդոնի դատարանը հետաձգել էր վճռի կայացումը Ասանժի բողոքարկման պատճառով:
Ինքը` Ասանժը, չի ընդունում մեղադրանքները և վստահ է, որ այս հետապնդումները իրեն հեղինակազրկելու միտում ունեն և որ դրանք պայմանավորված են WikiLeaks կայքի հրապարակումներով: Ասանժը նաև մտավախություն ունի, որ Շվեդիայից նրան կարող են ԱՄՆ ուղարկել, որտեղ նրան երկարաժամկետ կալանավորում է սպառնում: