Հետաքննությունը նոր ոչ պաշտոնական վարկած է առաջ քաշել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (առավել հայտնի է Դեդ Հասան կեղծանունով) նկատմամբ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ենթադրվում է, որ օրենքով գողը բեմականացրել է իր վրա իրագործված հարձակումը, որպեսզի շեղի իրավապահների ուշադրությունն իրենից և ցրի մեկ այլ քրեական հեղինակության` Յապոնչիկի սպանության հարցում ունեցած իր դերի վերաբերյալ կասկածները` միաժամանակ դրանք ուղղելով թշնամական Թարիել Օնիանիի կլանի կողմը:
Սակայն քննիչներին չի հաջողվել այս վարկածի համար անհերքելի ապացույցներ հավաքել, ինչպես նաև որևէ մեղադրանք ներկայացնել, գրում է «Իզվեստիան»:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի վրա մահափորձ էր իրականցվել 2010 թվականի սեպտեմբերի 16-ին: Երբ հեղինակությունն իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ դուրս էր եկել մեքենայից և շարժվել դեպի Տվերսկայա փողոցի վրա գտնվող իր տուն, անհայտ մեկը կրակ էր բացել նրանց վրա դիպուկահար հրացանից:
Ինչպես նշում է պարբերականը, Դեդ Հասանը սովորաբար մայրաքաղաքում տեղաշարժվում էր երեք ջիփերով` 10 թիկնապահների ուղեկցությամբ: Սակայն մահափորձի օրը Ուսոյանը չգիտես ինչու ազատել էր իր թիկնազորին` թողնելով միայն մեկ թիկնապահի և վարորդի:
«Չինական արտադրության զինատեսակը կասկածների տեղիք է տալիս: Ինչպես նաև այն, որ դիպուկահարը կարող էր վրիպել 10-15 մետրից»,- թերթին բացատրել է պրոֆեսիոնալ դիպուկահարը: Դեդ Հասանն ընդամենը ոչ ծանր վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, իսկ Բաղրամյանը` ուսի: Մի քանի օր անց երկուսին էլ դուրս էին գրել հիվանդանոցից:
«Մահափորձի» օգնութամբ Դեդ Հասանը երկու խնդիր է լուծել. նախ իրենից հեռացրել է կասկածները Յապոնչիկի սպանության հարցում և «սլաքներն ուղղել է» Թարիել Օնիանիի կլանի կողմը»,- կարծում է մայրաքաղաքային իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը: