ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին համազեկուցող, այժմ Եվրամիության Եվրոպական հիշողության և գիտակցության պլատֆորմի նախագահ շվեդ Գորան Լինդբլադը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձել է «գնել իրեն»:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրների վրա, գրել է, որ Լինդբլադը նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ:
Շվեդ պատգամավորը Epress.am-ին ներկայացրել է դեպքի մանրամասները` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ԵԽԽՎ-ի կոմիտեներից մեկի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել են պատգամավորների վարքի կանոնները, ընդգծվել է, որ ԵԽԽՎ պատվիրակները պետք է չհայտնվեն կախյալ վիճակում կամ վաճառվեն:
«Ես նշեցի, որ ինձ ընդամենը երկու անգամ են փորձել գնել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 80-ականներին, երբ ԽՍՀՄ հյուպատոսը ցանկանում էր հավաքագրել ինձ, բայց ի դեմս ինձ հանդիպեց կատաղի հակակոմունիստի:
Երկրորդ անգամ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահն էի: Վեհաժողովի Խորհրդատվական մարմնում մենք քննարկում էինք «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի հետ կապված հարցերը: Այն նախատեսված էր անցկացնել Երևանում, և Վեհաժողովում հստակ կարծիք էր ձևավորվել (դա իմ անձնական կարծիքը չէր), որ Հայաստանը բավական ժողովրդավար չէ ֆորումն անցկացնելու համար: Հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված սպանությունները չեն բացահայտվել: Ես դեմ քվեարկեցի Երևանի թեկնածությանը:
Բերնում կայացած հանդիպման ժամանակ Հարությունյանն ինձ հրավիրեց լանչի: Գործընկերոջ համար լանչի ընթացքում վճարելու մեջ ոչ մի վատ բան չկա, դա նորմալ է:
Բայց նա ինձ առաջարկեց կարծիքս փոխելու դեպքում Երևանում ապահովել VIP ընդունելություն և Ֆորումին ելույթ ունենալու հնարավորություն:
Մի մեծ կաշառք չէր, ու ես դրանից չէի հարստանալու, բայց, այնուամենայնիվ, դա ինձ գնելու փորձ էր (!!!): Քաղաքական գործիչներին սովորաբար հեշտ է հաճոյանալ, կարևոր միջոցառումներին խոսելը նրանց համար միշտ գայթակղիչ է:
Ես, իհարկե, մերժեցի», – Epress.am-ին ասել է Լինդբլադը: