Նոր կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ իշխանությունները ցանկանում են հասկացնել` «մեր դեմ խաղ չկա», և դրանով միայն իրենց ուժն են ցույց տալիս: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ հնարավոր է` կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև նոր հուշագիր ստորագրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Մեր հարցին, թե նոր հուշագիրը արդյոք ենթադրո՞ւմ է, որ նախորդ հուշագիրն ուժը կորցրած է, Էդգար Վարդանյանն ասել է. «Առաջին հուշագիրն իրականում հակաքաղաքական էր և դեմ էր Սահմանադրության ոգուն, քանի որ դրանով բացառվում էր մրցակցությունը տվյալ քաղաքական ուժերի միջև. նրանք բոլորը մեկ անձի` Սերժ Սարգսյանի շուրջ էին միավորվել: Ուստի` ի սկզբանե հասկանալի էր, որ այդ անտրամաբանական հուշագիրը խնդրահարույց էր»:
Ըստ քաղաքագետի` եթե նոր կոալիցիոն հուշագիր ստորագրվի, դա միայն նպատակ է ունենալու թարմություն հաղորդել արդեն գոյություն ունեցող հուշագրին և ցրել «իշխանական թիմերի կոնկրետ անձանց միջև լարվածությունը»:
Հարցին, թե անտրամաբանական չէ՞ արդյոք նոր հուշագրի ստորագրումը քաղաքական ակտիվ ուժերի միջև` խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, Էդգար Վարդանյանը խորհուրդ տվեց հարցն այդ համատեքստում չդիտարկել, քանի որ «հուշագիրը ընդհանրապես կապ չունի քաղաքական գործընթացների հետ, այլ ընդամենը ուժի ցուցադրում է»:
«Ազատ ու թափանցիկ ընտրությունները չեն կարող լինել այս ռեժիմի պայմաններում: Այդպիսի ընտրությունները կնշանակեն իշխանության ինքնասպանություն: Արդար ընտրությունները կարող են լինել միայն հասարակական, ժողովրդավարական մեծ ճնշման տակ: Շարժում, որի նպատակը իշխանության գալը չէ, այլ իշխանության ձևավորման համար մեխանիզմների ստեղծումը»,- ասել է Էդգար Վարդանյանը: