«Դաշնակցությունը» ռեալ քաղաքականությանը նայում է բաց աչքերով և լավ հասկանում է, որ 100 տոկոս համամասնական ընտրացուցակի հասնելու հարցում կարող է հաջողության չհասնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը :
«Միգուցե, այլ վիճակ ստեղծվի: Հազար ու մի մոդիֆիկացիա կարող է լինել զիջման, ոչ ամբողջությամբ 100 տոկոսի անցնելու: Կարող է ընդհանրապես մերժվի», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` մեծամասնականի դեպքում «Դաշնակցույթունը», եթե ոչ բոլոր, ապա շատ կարևոր ընտրատարածքներում կպայքարի սեփական թեկնածուներով:
«Չի բացառվում, որ պայքարելու ենք նաև այլ թեկնածուների պաշտպանելու, ասենք, այլ ընդդիմադիր ուժերից առաջ քաշված, բայց հիմնականում, իհարկե, կունենանք մեր սեփական առաջադրված թեկնածուները»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Հարցին, թե ապագա խորհրդարանում ՀՅԴ-ն, ըստ Հովհաննիսյանի, որքան տեղ կունենա, վերջինս պատասխանել է, որ ցանկացած նորմալ ուժ ձգտում է ունենալ ԱԺ-ում այնքան, ինչքան հնարավոր է:
«Մաքսիմալ 131 տեղը քիչ հավանական է: Բայց մենք ուզում ենք իշխանափոխություն տեղի ունենա: Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ընդդիմությունը կարողանա իր ձայների քանակով որոշումներ կայացնել խորհրդարանում, այլ հենց դրան էլ ձգտելու է «Դաշնակցությունը» և, իհարկե, ձգտելու է այդ ընդդիմության մեջ լինելու առաջինը, լինելու ամենուժեղը, լինելու թելադրողը, սա մեր նպատակն է»,- նշել է Վահան Հովհաննիսյանը: