Եգիպտոսում երկու օր առաջ կայացած Պորտ Սաիդի «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ախլի» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո ստեղծված քաոսային իրավիճակը չի կարգավորվում և կրքերը դեռևս չեն հանդարտվում: Այժմ էլ երկու մարդ է զոհվել Սուեզ քաղաքում, երբ ոստիկանները փորձում էին հետ մղել ցուցարարներին, որոնք ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել ոստիկանության անփութության պատճառով մարզադաշտում սկսված և բազմաթիվ մահերի հանգեցրած անվերահսկելի բախումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ քաղաքում ընթացող ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտում ֆուտբոլային երկրպագուների միջև սկսված բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:
Այս անգամ, ականատեսների խոսքով, վաղ առավոտյան` երկու ցուցարարների սպանությունից ժամեր անց կռիվ է սկսվել տեղի ոստիկանական բաժնում:
Ավելի վաղ բողոքող 668 ցուցարարներ վնասվածք էին ստացել մայրաքաղաք Կահիրեում, ոստիկանության կողմից կիրառված արցունքաբեր գազի հետևանքով:
«Ալ Ջազիրայի» թղթակիցը Կահիրեից հայտնել է, որ ցուցարարները փորձել են ներխուժել Թահրիր հրապարակի տարածքում գտնվող բարիկադներով շրջապատված Ներքին Գործերի նախարարության շենք:
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններն էլ պատասխանել են արցունքաբեր գազով, հայտնում է «Ալ Ջազիրան»: