Երեկ Հանրային խորհրդի (ՀԽ) մշակույթի հանձնաժողովը սկսել է քննարկել «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում՝ «Արագիլ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող տարածքում 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով «Նոյան տապան» կոչվող համալիր կառուցելու մասին նախաձեռնությունը:
Ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, հանձնաժողովը շատ արագ «այո» է ասել այդ գաղափարին։ Նշենք, որ նախագծի նախաձեռնող խմբում են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, «Հաղթանակ» զբոսայգու տարածքը վարձակալող «Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Թորոս Ումրիկյանը, «ԱՐՄԱՐԵ» ընկերության տնօրեն Մարտուն Հարությունյանը։
Ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել տապան՝ Աստվածաշնչում նշված չափերին համապատասխան։ Ըստ այդմ, նախագծվում է ներսից և դրսից փայտյա կառույց, որի երկարությունը կլինի 132-157 մետր, լայնությունը՝ 24-30 մետր, իսկ բարձրությունը՝ 13-20 մետր։ Առաջին հարկը նախատեսված է թանգարանի համար։ Թանգարանում պետք է տեղավորվեն «Նոյան տապանի» «անձնակազմի» կրկնապատկերները՝ 8 մարդկային և 120 զույգ կենդանական։ Խոշոր կենդանիների պղնձաձույլ կրկնապատկերները պետք է տեղադրվեն «Նոյան տապանից» դուրս։ Նաև կտեղադրվեն դիտասարքեր դեպի Արարատ լեռ, դեպի մայրաքաղաք և բաց երկինք։
Օրաթերթը նշում է, որ շատ ճոխ է հնչում «Նոյան տապանի» կառուցման նպատակը. «Համայն աշխարհին ցույց տալ, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհի սրտից՝ Արարատ լեռից է սկսվել մարդկության վերածնունդը»: Նախագծի ներկայացման ժամանակ Մարտուն Հարությունյանը հայտարարեց.
«Այս կառույցը եզակի է լինելու աշխարհում, նվիրվելու է Մեծ Եղեռնի 100-ամյակին և պատկանելու է մարդկությանը»:
Ի՞նչ է նշանակում՝ պատկանելու է մարդկությանը հարցին, Հարությունյանը պատասխանել է.
«Այսինքն… Ո՞նց բացատրեմ ձեզ։ Այսինքն՝ համամարդկային կառույց է լինելու»:
Քննարկման ընթացքում, այնուամենայնիվ, մի քանի քննադատական կարծիք է հնչել:
«Այդ մի փոքր կանաչ տարածքը, ես վախենամ, թե այս գաղափարի իրագործման ճանապարհին հոշոտվի», – ասել է արվեստաբան Լևոն Լաճիկյանը:
Նախագծին դեմ է հանդես եկել Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը. «Էսօրվա մեր հանրապետությունն այնքան մեծ պրոբլեմներ ունի, էնքան մեծ ցավ ունի։ Մարդիկ վագոնների մեջ են ապրում, մարդիկ հացի փող չունեն, հասկանո՞ւմ եք։ Հանրապետությունում մի հատ նորմալ թանգարանի շենք չկա։ Մի հատ ամերիկացի կամ մեկը եկել, խորհուրդ է տվել «Նոյան տապանի» շենք կառուցենք, կենդանիներին լցնենք մեջը, սաղս ուրախացել ենք։ Լսեք, հիմա դրա ժամանակը չի: …Ես որ մեկ-մեկ նայում եմ Գյումրիի կամ Վանաձորի շրջանում մարդկանց վիճակին, ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ մենք էսօր էդքան եկեղեցի ենք կառուցում։ Էդքան մեծ գումար ծախսել հանուն ինչի՞, որ մի հատ ամերիկացի գա, տեսնի, որ Արարատի փեշերի՞ն է նստել Նոյը։ Չի կարելի։ Տեսեք, մենք որոշումներ ենք հանում, Աբովյան փողոցից հանեցին կրպակները։ Ի՞նչ արեցին։ Տարան ուրիշ տեղ դրեցին։ Մի որոշում եթե կայացվում է, պետք է մտածել՝ ինչի՞ համար է արվում դա»:
Նախագիծը պաշտպանող ճարտարապետ Լևոն Իգիթյանը հայտարարել է, որ «պետք է գոնե մի բան առաջինն անենք և ոչ թե թողնենք մեզանից տանեն մեր արժեքները, ինչպես լավաշը տարան, ինչպես հարիսան տարան»։
«Հարիսա չէի՞նք սարքում, որ թուրքերը տարան», – արձագանքել է քննարկման մասնակիցներից մեկը, ինչին Իգիթյանը չի պատասխանել։
««Նոյան տապանի» տերը մեր ժողովուրդն է, մենք ենք: Արարատն այսօր մեր կողմը չէ, բայց հուսանք, որ այնքան կապրենք, որ տեսնենք մեր կողմում։ Ճշմարտությունն այն է, որ Արարատ լեռան վրա կառուցվեր սա։ Բայց հիմա դրա հնարավորությունը չունենք: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ բոլորը մեզնից առաջ ընկնեն և մեր ունեցածը սեփականաշնորհեն։ Թուրքերը կկառուցեն, իրենք կանեն դա, իրենք կդառնան Նոյի տերը, խնդիրը սա է», – ասել է Մերուժան Տեր-Գուլանյանը: