«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը լայն արձագանք է գտել լրագրողական շրջանում: Նշենք, որ Գևորգյանին բերման են ենթարկել այսօր առավոտյան իր տան բակից, իսկ հետո կալանավորել: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ:
Մեկ ժամվա ընթացքում հայտնի լրագրողի ձերբակալության թեման օրվա հիմնական նորությունն է դարձել. այսօր ժամը 18:00-ին դեպքի առնչությամբ իր պարզաբանումներն է ներկայացնելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողներն ակտիվ քննարկում են տեղի ունեցածն ինչպես անձնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ սոցիալական ցանցերում: Նրանց շրջանում արդեն իսկ կարծիք է շրջանառվում, որ Գևորգյանի ձերբակալությունը կարող է կապված լինել իր գործունեության, մասնավորապես, ոստիկանության մասին գրված հոդվածների հետ:
Նշենք, որ հունվար ամսվա ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթը, և Գևորգյանը, մասնավորապես, մի քանի հոդվածներով անդրադարձել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անձին:
Հունվարի 13-ին Գևորգյանը հեղինակել էր «Եվ Աստված ասաց` Վովա» հոդվածը, որտեղ ներկայացվում էր Գասպարյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցած հետևյալ զրույցը.
– Մականունները մարդու որակի ու տեսակի մասի՞ն են խոսում:
– Այդ թվում` նույնպես:
– Դուք է՛լ մականուն ունեք:
– Ո՞րն ա: «Տե՞ր», հա, որ ասում են` տեր:
– Չէ` ֆիքս:
– Չեմ լսել, ֆիքստուլ իմաստով, հա՞:
– Այո, քանի որ դուք սիրում եք ցուցադրական բաներ անել:
– Ես ուզում եմ, որ ֆիքստուլի, թիթիզի ու լոպազի տարբերությունը հասկանաք: Ֆիքստուլը էն մարդն ա, որ ֆիքսում ա էն` ինչ որ կա: Թիթիզը փուչիկ ա, որ ուզում ա ձեւ անի, որ ինչ-որ բան իրանից ներկայացնում ա… Նենց որ, ես չեմ կարծում, որ ինձ կարող ա մականուն կպնել, ինձ մականուն կպցնող չի կարող լինել, ես մականունավոր մարդ չեմ, ես ունեմ Աստծու կողմից տրված անուն, ես կրում եմ իմ անունը` ծնողներիցս ստացած:
Այնուհետև Գևորգյանը ներկայացրել է հարցազրույցի իր մեկնաբանությունը:
«Ֆիքստուլն ու թիթիզը հասկացանք: Լոպազ բառի բացատրական ելույթը, հուսով ենք, կլսենք Վովա Գասպարյանի հաջորդ դասախոսության ժամանակ: Իսկ մինչ այդ ընդամենը արձանագրենք, որ Վովա Գասպարյանին, բացի իր սեփական «ախրաննիկներից», ամենուր ուղեկցում են ոստիկանության շատ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկ, օրինակ, կառավարության շենքի մոտ էին այդ հայտնիներից «Բազազը»` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը րոպեն մեկ բջջայինով զանգահարում էր ինչ-որ մեկին ու զեկուցում Վովա Գասպարյանի գործողությունների մասին: «Պարոն գեներալ, հիմա նա շփվում է լրագրողների հետ»,- ասում էր Մելքոնյանը ու խոսելով հեռանում լրագրողներից: Երեւի հետո զեկուցում էր. «Ամեն ինչ վերահսկողության տակ է, ոստիկանապետի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»: Իսկ երբ Վովա Գասպարյանը մոտեցավ նստելու իր թանկարժեք «Բրաբուսը», պարզվեց, որ նրա բազմաթիվ ախրաննիկներից երեքը նախատեսված են նրա դուռը բացելու եւ նստման պրոցեսը բարեհաջող ավարտելու համար: Ափսոս, արդեն մոռացա, թե ինչ էր նշանակում «ֆիքստուլ», եւ ինչ էր նշանակում «թիթիզ»: «Լոպազն» էլ ընդհանրապես չիմացվեց, թե ինչ է նշանակում»:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի