Home / Հայաստան / Կառավարության որոշումը «Ֆլեշ» ընկերությանը հարստացնելու նպատա՞կ ունի

Կառավարության որոշումը «Ֆլեշ» ընկերությանը հարստացնելու նպատա՞կ ունի

Երեկ ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի «Ֆլեշ» ընկերությունը պետք է 350 դրամով գյուղացիներին վառելիք մատակարարի, իրականում ոչ թե գյուղացիներին օգնելու, այլ «Ֆլեշ» ընկերությանը հարստացնելու նպատակ ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Կառավարության երեկվա որոշման մեջ հենց «Ֆլեշ» ընկերությունից դիզվառելիք գնելը մեկնաբանել են, թե իբր ամենաէժան գնով դիզվառելիք վաճառում է այդ ընկերությունը։ Եվ սա այն դեպքում, երբ որևէ մրցույթ չի անցկացվել, գուցե այլ ընկերություն ավելի էժան առաջարկ կարող էր ներկայացնել», – նշում է թերթը։

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Ֆլեշ» ընկերությունը դիզվառելիքը բերում է ոչ թե Եվրոպայից կամ Ռուսաստանից, այլ Իրանից և բավական էժան գնով։ Մինչդեռ, կառավարության որոշման մեջ դիզվառելիքի գինը հաշվարկված է ոչ թե ըստ Հայաստանում վաճառվող ինքնարժեքի, այլ ըստ բենզալցակայաններում վաճառվող մանրածախ գնի, իսկ մանրածախ գնի ու մեծածախի տարբերությունը նվազագույնը 20-30 դրամ է։

«Այսինքն՝ միայն այս մասով կառավարությունն օգնել է, որպեսզի «Ֆլեշ»-ը մոտ 420 մլն դրամ գերշահույթ ստանա։ Էլ չհաշված, որ նա բավականին էժան գնով է ներկրում դիզվառելիքը, քան մյուս բոլոր ընկերությունները։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մի կողմից ընտրություններից առաջ ցույց են տալիս, թե ընդառաջում են գյուղացիներին, դեմքով շրջվել են դեպի գյուղը, մյուս կողմից` հարստացնում են Բարսեղ Բեգլարյանին («Ֆլեշ» ընկերության սեփականատեր) ու, ի վերջո, իրենք իրենց», – եզրակացնում է թերթը։