Home / Հայաստան / Հայկ Գևորգյանին 10 օր չէին կարողանում գտնել. ոստիկանության վարկածը

Հայկ Գևորգյանին 10 օր չէին կարողանում գտնել. ոստիկանության վարկածը

Ձերբակալելով լրագրող Հայկ Գևորգյանին` ոստիկանությունը հստակ և իրավաչափ կատարել է իր խնդիրը: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը հետևյալ բացատրությունն է ներկայացնում.

«Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով` վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:

Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն:

Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին և 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը և, առանց որևէ հարգելի պատճառ ներկայացնելու, հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը:

Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գևորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:

Հայկ Գևորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել:

Հայկ Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:

Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Փետրվարի 3-ին Հայկ Գևորգյանը հայտնաբերվել, կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ»:

Նշենք, որ ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր Նիկոլ Փաշինյանը ծիծաղելի է համարել այն փաստը, որ ոստիկանությունը 10 օր չի կարողացել հայտնաբերել Հայկ Գևորգյանին: Փաշինյանը նշել է, որ Գևորգյանը նշված մեքենայով ամեն օր ներկայացել է աշխատանքի, մեկնել է ասուլիսների, մեքենան կայանված է եղել նախարարությունների և կառավարության շենքի առջև: Բացի դա, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը գտնվում է Կենտրոնի ոստիկանության հարևանությամբ, և ոստիկանները ամեն օր անցնում են խմբագրության կողքով, որի մոտ կայանված է եղել մեքենան:

Նշենք, որ 20:00-ին ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնում ասուլիս հրավիրած ոստիկանության ներկայացուցիչ Արսեն Այվազյանը հիմնականում ներկայացրեց ոստիկանության հայտարարության բովանդակությունը և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ, ելնելով նախաքննության գաղտնիությունից, լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Նա նաև հավելեց, որ գործը երեք օրվա ընթացքում կմտնի դատարան, որտեղ էլ կորոշվի կալանավորման հիմքերի իրավասությունը: Մեղադրյալը հնարավորություն կունենա բողոքարկել կալանավորման հիմքերը: