«Ժառանգություն» կուսակցության պահանջով երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ տեղի է ունեցել քննարկում Քաջարան գյուղի հիմանհարցի վերաբերյալ: Այս անգամ ևս հարցը լուծում չի ստացել: Ինչպես Epress.am-ին հայտնել է «Ժառանգության« ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, այս անգամ ևս նախարարությունը ձգձգել է Քաջարանի և հարակից 5 գյուղերի հողերը արդյունաբերական նշանակության փոխելու մասին կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու պահանջի կատարումը:
Փոստանջյանի խոսքով` նախարարությունում խոստացել են տրամադրել էկոլոգիական շարժման ակտիվիստների գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը, կազմակերպել նոր քննարկումներ և իրավիճակի գնահատման նոր փորձաքննություն անցկացնել:
«Մեր պահանջը երբեք չի փոխվի: Պահանջում ենք, որպեսզի որոշումը չեղյալ համարվի: Սա տանելու է սահմանամերձ գյուղի կործանման և բնակչության արտագաղթի»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Մենք զրուցեցինք նաև գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, ով վստահեցրեց, որ գյուղի բնակիչները իրենց դիրքորոշումը չեն փոխել և մինչև վերջ պայքրելու են գյուղի փրկության համար:
«Ունեմ 131 ընտանիք, 270 բնակիչ, որոնք ունեն ընտանիքներ: Ապրիլին ընդունված 627 որոշման համաձայն` պետք է մեր գյուղի հողերն օտարվեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ընդլայնելու համար, սակայն ես չեմ համաձայնել ստորագրել այն փաստաթուղթը, որով պետք է հողերն օտարվեն: Ու չեմ ստորագրի երբեք»,- ասել է Ռաֆիկ Աթայանը: