ՀՀ ոստիկանության կողմից պատրաստված և համացանցում տեղադրված տեսանյութի հեղինակները պնդում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը հանցագործություն է գործել` հունվարի 13-ին քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին «վրաերթի ենթարկելով և անօգնական վիճակում թողնելով»:
Տեսանյութում Աշոտ Ֆրանգուլյանը ասում է, որ ինքը Մհեր Մկրտչյանի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենայի մոտ մարդ էր սպասում:
«Մոմենտ չզգացի, էս շոֆերը հետ տվեց, խփեց ոտիս, ես ըտեղ կամաց էս կողմ էկա, շատ ահավոր ցավում էր: Շոֆերը իջավ, գոնե ինձ օգնություն ցույց տար, ինչ հըլը քֆռտում էր: Ասում ա՝ բլյադ չէիր կարա էն յանով անցնեիր, որ էկա խփեցի քեզ: Ասեց՝ հեսա միլիցիա կզանգեմ, ասեցի՝ ում ուզում ես զանգի: Ու ես տենց քրքաշ կամաց-կամաց , էկա, որ նստեմ, ասի՝ գոնե մի քիչ հանգստանամ, ըտե գլուխս պտտվեց, աչքերիս դեմը սևացավ, հետ տվեցի: Ինքը էդ արանքում քշեց, փախավ գնաց», – ասում է Ֆրանգուլյանը:
Նրա պնդմամբ՝ «մի երկու լավ էրեխա» իրեն օգնել են տաքսի նստել, և ինքը գնացել է «Մասիվի հիվանդանոց» («Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն):
Տեսանյութում խոսում է նաև բշժկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռ. Վարոսյանը, ով ասում է, որ Ֆրանգուլյանն ունեցել է «ձախ մստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք»:
Համաձայն բժշկի` հիվանդը դուրս է գրվել հունվարի 21-ին՝ դեպքից 8 օր անց: Ֆրանգուլյանի խոսքով՝ ինքը մինչև հիմա չի կարողանում աշխատել:
Նա նաև ասում է, որ «եթե մեծ տղես իմանա, «Նիվի» շոֆերի գլուխը կջարդի», և պնդում է, որ ոստիկանությունը «ամսի 13-ից չի կարում իրան գտնել»: