Լոնդոնի ոստիկանությունը փետրվարի 4-ին ձերբակալել է սիրիական դեսպանատան շենք ապօրինի մուտք գործած 5 անձանց: Գիշերը դեսպանատան շենքի մոտ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների բողոքի ցույց է տեղի ունեցել: Մոտ 150 քաղաքացիներ հավաքվել են Լոնդոնում գտնվող առանձնատան մոտ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Հոմս քաղաքում սիրիական իշխանությունների կողմից իրականացված հրետանային ռմբակոծության հետևանքով զոհված 217 մարդկանց մահվան առթիվ:
AFP-ի տեղեկությունների համաձայն` դեսպանատանը վնաս չի հասցվել:
The Guardian-ի փոխանցմամբ` փետրվարի 4-ի գիշերը նմանատիպ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Կահիրեում Սիրիայի դեսպանատան առջև: Մարդիկ կոտրել են դեսպանատան դարպասները, ներխուժել շենք, կոտրել մի քանի համակարգիչներ և փորձել հրդեհել դեսպանատունը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև Բեռլինի սիրական դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցի մասին: Գերմանիայի մայրաքաղաքում դեսպանատուն էին մուտք գործել մոտ 20 ակտիվիստներ: Նրանք կոտրել էին շենքի դռները և կահույքի մի մասը, բացի դա, դեսպանատան պատերին հակակառավարական կարգախոսներ էին գրել:
Հիշեցնենք, որ Հոմս քաղաքում իշխանությունների կողմից իրականացված ռմբակոծությունների արդյունքում 217 մարդ է զոհվել, ևս 600-ի վիրավոր են: Ըստ «Ալ Ջազիրայի»` տարածաշրջանի ռմբակոծությունը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Սիրիայի Ազատ Բանակի անդամները հարձակվել են սիրիական բանակի անցակետերի վրա և սպանել մոտ 10 զինվորների: