Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ:
«Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության և «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից», – ասված է կազմակերպխությունների տարածած հայտարարության մեջ:
Հեղինակները համոզիչ չեն համարում կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել այն պարագայում, երբ նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը և մուտք գործել տարբեր պետական ատյաններ, այդ թվում նաև կառավարության շենք:
«Ավելին՝ այդ օրերին նա շփումներ է ունեցել ոստիկանության քննիչի հետ՝ օրինական պահանջ ներկայացնելով ճշտելու, թե ինչ կարգավիճակում են իրեն կանչում հարցաքննության: Լրագրողն այս մասին հստակեցում այդպես էլ չի ստացել: Մինչդեռ ոստիկանությունն իր պարզաբանումներում պնդում է՝ իբր պատշաճ կերպով ծանուցել է Հայկ Գևորգյանին: Տպավորություն է առաջանում, որ միտումնավոր նախապայմաններ էին ստեղծվում՝ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով:
Եթե համադրենք կալանավորման փաստը և հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին Հայկ Գեւորգյանի մի շարք քննադատական հրապարակումները, ապա բավակաչափ հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ:
Պահանջում ենք անհապաղ փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան և ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: Իսկ երկրի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկելու՝ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները և ճնշումները բացառելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ: