Հայ Հեղափոխական Դաշնացության խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի համար միանշանակ ընդունելի չէ այն տարբերակը, որը կիրառվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի նկատմամբ:
«Հայկին անձամբ եմ ճանաչում, չէի ասի, թե նա հակաօրինական վարքագծի տեր անձնավորություն է: Համենայն դեպս, թե ոստիկանական հաղորդագրության մեջ, թե նաև այս պահի դրությամբ փաստացի տեղեկատվությունը չի մատնանշում այնպիսի մի լուրջ հետևանքի մասին, որի ներքո կարելի էր նույնիսկ, թեկուզ կասկածանքով, բայց կալանավորման ենթարկել մարդուն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Մինասյանը:
Նրա նախնական գնահատականի համաձայն` այս գործողության մեջ ակնհայտ անհամաչափություն ու ոչ իրավաչափություն կա:
«Կարծում եմ` ավելորդ տեղը նման վարքագիծ դրսևորելը հայ քաղաքացու հանդեպ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է Հայկին, ապա նրան ճանաչում եմ որպես մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված պարկեշտ ու նորմալ լրագրողի, իսկ օրենքի նկատմամբ իր վերաբերմունքը, հարգանքն ու օրինապահությունը ես ակնհայտորեն միշտ տեսել եմ իր մոտ», – ընդգծել է նա:
Մինասյանը կոչ է արել ոստիկանությանը փոխել վերաբերմունքը նման, թեկուզ նույնիսկ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ, փոխել խափանման միջոցը՝ Հայկ Գևորգյանին թողնելով ազատության մեջ:
«Սխեմաները տարբեր են՝ սկսած երկրից չհեռանալու ստորագրությամբ, վերջացրած գրավի ինստիտուտով, մինչև գործի հանգամանքները լիարժեքորեն կբացահայտվեն, կպարզաբանվեն, և կտրվի համապատասխան իրավական գնահատական, հակառակ դեպքում` արհեստական լարվածություն է մտնում այս հարաբերություններում», – ասել է դաշնակցական գործիչը:
Հարցին, թե արդյոք կատարվածը կարելի է որակել որպես հետապնդում լրագրողի մասնագիտական գործունեության համար, Մինասյանը պատասխանել է.
«Տա Աստված, որ այդպես չլինի, բայց չէի ուզենա, որ այս դեպքը հանկարծ այդպիսի լույսի ներքո գնար, համենայն դեպս, այս պարագայում խոսքի ու մամուլի ազատությունն այս պահին ավելի բարձր հարթության մեջ է գտնվում, քան այն միջադեպը, որ ներկայացված կամ նկարագրված է»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կողմից համապատասխան հայտարարությամբ հանդես գալուն, ապա, Մինասյանի խոսքով, դա առանձին քննության խնդիր է”
«Կուսակցությունն իր ներսում պետք է քննարկի, որպեսզի հայտարարությամբ հանդես գա, ես հիմա ներկայացնում եմ իմ անձնական տեսակետը: Իմ խորին համոզմամբ՝ օրինականության հաստատումը չպետք է իրականացվի օրենքը ծայրահեղ մակարդակում գործադրելով անհամաչափության և ոչ իրավաչափության վարքագծի դրսևորմամբ», – եզրափակել է պատգամավորը: