«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման դրդապատճառն այն է, որ Հայաստանում հետընթաց է ապրել ազատական գաղափարախոսությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Ակնհայտ է, որ Հայաստանում կուսակցություններն ավելի շատ են, քան պետք է լիներ նորմալ քաղաքական համակարգի առկայության դեպքում: Մենք բոլորս ազատականներ ենք, մեր խորին համոզմամբ` ազատականությունը ներկա քաղաքական իրավիճակում նահանջ է ապրել: Մեր կուսակցության շատ անդամներ 2008թ. շարժման ակտիվ մասնակցիներ ենք եղել, թող ամպագորգոռ չթվա»,- ասել է Քոքոբելյանը և հավելել, որ ՀԱԿ-ն այլևս որպես ազատական ուժ հանդես չի գալիս, այլ ավելի շատ տեսնում է իրեն որպես սոցիալ-դեմոկրատական ուժ:
«Մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի հետ` կազմակերպչական ձևերի, մարտավարության և ռազմավարության հետ կապված: Հեռանալու պատճառը եղել է այն, որ չենք ուզել, որ տեղի ունենան վայրիվերումներ: Սակայն Հայաստանի կարևորագույն խնդիրը մեր և ՀԱԿ-ի տարաձայնությունը չէ: Ընդդիմադիր ուժը չկարողացավ 2008թ. տեր կանգնել իրեն տված ժողվրդի քվեին, տեղ հասցնել իր ձայնը: Կարծում եմ` քաղաքացու դերը չէ իր ձայնին տեր կանգնելը: Դա քաղաքական գործիչների թիվ մեկ խնդիրն է»,- ասել է Քոքոբելյանը:
Ըստ բանախոսի` ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար ամենակարևորը ընտրական համակարգը չէ:
«1991թ. չունեինք ընտրական օրենսգիրք, սակայն այդ ընտրությունների արդարությունը երբեք չի քննարկվել»,- ասել է Քոքոբելյանը` ակնարկելով, որ 100% համամասնական ընտրական համակարգի անցնելը պարտադիր պայման չէ արդար ընտրությունների համար: «Ազատ Դեմոկրատների» նախագահը, այնուամենայնիվ, ասել է, որ կողմ է 100% համամասնական ընտրական համակարգին, սակայն իրատեսական չի համարում այդպիսի փոփոխությունը մինչև առաջիկա ընտրություններ, և դրա վրա կենտրոնանալը, Քոքոբելյանի գնահատմամբ, սխալ է:
Մեծամասնական ընտրարածքներում թեկնածուների առաջադրման մասին կուսակցությունը որոշում դեռ չի կայացրել, սակայն, ըստ Քոքոբելյանի, քանի որ ընդդիմության ռեսուրսը շատ սահմանափակ է, կուսակցությունը չի առաջադրելու թեկնածու այն ընտրատարածքներում, որտեղ այլ ընդդիմադիր թեկնածուներ լինեն:
«Փորձում ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ գաղափարական պայքար գնա, այլ ոչ թե պայքար ռեսուրսների միջև: Ես չեմ տեսել գաղափարական տարաձայնություն իշխանական կուսակցությունների միջև: Ես չեմ ընդունում շատ-շատ կետեր, օրինակ, ՀՅԴ-ի մոտ, սակայն չենք կարող վիճել, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է»,- ասել է բանախոսը: