ՕԵԿ-ն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին և շատ լուրջ հավակնություններ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Մենք չենք կարող այսօր մեր ունեցած ուժերը համեմատել երեք տարի առաջ ունեցած մեր վարկանիշին: Մեր ձայները շատ ավելին են լինելու այս անգամ: Թեև սա կարող է առաջացնել որոշ ուժերի խանդը: Այստեղ տարբերություն չեմ դնում ընդդիմադիր ու դիմադիր ուժերի միջև. նախանձը նման կատեգորիաներ չի ճանաչում», – համոզմունք է հայտնել Հեղինե Բիշարյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը, այնուամենայնիվ, հրաժարվել է խոսել կուսակցության նախընտրական ծրագրից` ասելով, որ այդ հարցերը քննարկվելու են մարտի 3-ին կայանալիք կուսակցության համագումարին: Բիշարյանը նշել է, սակայն, որ Արթուր Բաղդասարյանն է ղեկավարելու կուսակցության համամասնական ցուցակը, սակայն չի մտնելու ԱԺ: Այս տարվա ՕԵԿ համամասնական ցուցակի մի առանձնահատկություն է լինելու այն, որ կուսակցությունը փորձելու է հնարավորինս քիչ գործարարներ ընգրկել իր ցուցակում: Բիշարյանի խոսքով` բոլոր գործարարներն են ուզում քաղաքականություն մտել, ու շատերը դիմել են ՕԵԿ-ի ցուցակներում ընդգրկվելու խնդրանքով: