Շվեյցարիայի դատախազությունը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ իրենց երկրում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում Բաղիշը, քննադատելով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտարարել էր. «Ես այսօր Շվեյցարիայում եմ և ասում եմ, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չէին: Թող գան ու ձերբակալեն ինձ»: Նշենք, որ տվյալ խոսքերը նա ասել էր թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում, իսկ հարցազրույցը հրապարակվել էր միայն նրա` Թուրքիա վերադառնալուց հետո:
Հարկ է նշել, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի համաձայն, ռասիզմի դրսևորումները, այդ թվում` ցեղասպանության հրապարակային ժխտումը հետապնդվում են օրենքով:
Եվ թեև Շվեյցարիայի իշխանությունները ընդգծում էին, որ իրենց երկրում գործող օրենքը նման չէ Ֆրանսիայի Ցեղասպանության մասին օինագծին և ավելի շատ այլատյացության դեմ պայքարելու միտում ունի, այդուհանդերձ շվեցարական արդարադատությունը որոշել է արձագանքել Բաղիշի հայտարարությանը և հայց ներկայացնել նրա դեմ: