Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի մանկության ընկեր Էդուարդ Եսայանը կազմակերպել է Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կեղծ սնանկությունը: Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում փաստաթղթեր է ներկայացրել Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Խուդյանը, ով հանդիսանում է Մաշտոցի 33/1 հասցեի 13 հարկանի բազմաբնակարան շենքի ու Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի շինության սեփականատերը և «Արին կապիտալ» ներդրումային ընկերության հիմնադիրը, դիմել է դատարան` հայցելով իրեն տուժող ճանաչել, քանի որ իր գործընկերները դիտավորությամբ սնանկացրել են իրեն: Նախորդ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խուդյանն ասել էր, որ իր կողմից կառուցվող շենքում շահեր ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը (Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմաբան – խմբ.), այդ իսկ պատճառով ինքը չի կարող ասել, թե ինչ որոշում կընդունի դատարանը: Առաջին ատյանի դատարանն արդեն մերժել է Խուդյանի հայցը, որից հետո որոշումը բողոքարկվել է:
Այսօրվա դատական նիստի ընթացքում Խուդյանի փաստաբանը ներկայացրել է այն փաստաղթերը, որոնցով ընկերությունը տնօրեն Եսայանի ղեկավարությամբ փող է փոխանցել երկու տարբեր շինարարական կազմակերպությունների միևնույն գործողությունը կատարելու համար:
Բացի դա, դրանցից մեկը` «Վերկենտռու» շինարարական կազմակերպությունը, արդեն կատարված շինարարության համար պահանջել է և, ըստ ստորագված փաստաթղթերի, «Արին կապիտալ» ընկերությունից ստացել է մոտ 263,500,000 դրամ:
Շինարարական կազմակերպությունը նաև պնդել է, որ «Արին կապիտալն» իրեն պարտք է մոտ 261,000,000 դրամ, ինչն էլ հիմք է հանդիսացել ընկերությունը սնանկ ճանաչելու համար: Այժմ այդ պարտքը վերադարձնելու պահանջով «Վերկենտռու» ընկերությունը դիմել է դատարան և գործը ընդունվել է վարույթ: Այս գործարքի առնչությանբ Խուդյանի փաստաբանն այսօր ներկայացրել է մեկ հավելում, համաձայն որի «Արին կապիտալի» սեփականատեր Խուդյանը գործարքի կնքման ժամանակ բացակայել է հանրապետությունից (փաստաբանը ներկայացրել է վիզայի տվյալները, որոնք ապացուցում են, որ Խուդյանը գտնվել է ԱՄՆ-ում, պայմանագրերի ստորագրման օրերին), ուստի, ըստ հայցվոր կողմի, փաստաթղթերը կեղծ են:
Նիկոլայ Բաղդասրյանի կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքի երկրորդ հիմնավորումը վերաբերվում է կեղծ գներով առք ու վաճառք կատարելուն:
Ըստ Նիկոյալ Բաղդասարյանի` Եսայանը վաճառել է ընկերության բնակարաններն ու հողատարածքները շատ ավելի բարձր գներով, քան իրականում նշվել է գնման ակտերի մասին պայմանագրերում:
«Առաջին ատյանի դատարանում նիստի ժամանակ ևս պատասխանող կողմը` քննոթյունը իրականացնող մարմինը որևէ հերքում չի ներկայացրել բերված բոլոր հիմնավորումներին, սակայն դատարանը մեր հայցը մերժեց: Նախաքննոթյունը իրականացնող մարմինն այս անգամ էլ է լռում այս բոլոր փաստերի դեմ: Դատարանը պետք է բավարարի հայցը», – դատարանին դիմելով` ասել է Էդմունդ Խուդյանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Ջաղինյանը:
Դատական նիստի ընթացքում գործը քննող Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ծառայության քննչական վարչության ներկայացուցիչ դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը, պատասխանելով դատավորի հարցին` արդյոք քննությունը որևէ նոր արդյունք է գրանցել է կամ կարող է հակափաստարկներ բերել հայցվոր կողմի բերված փաստաթղթերի հետ կապված, ասել է, որ որևէ նոր արդյունք դեռ չկա:
Վաղը` ժամը 10:00-ին կհրապարակվի Խուդյանի գործով որոշումը: