Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ հրապարակայնորեն դեմ է հանդես եկել Երուսաղեմի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման գաղափարին:
RTV հեռուստաալիքի հետ զրույցում Լիբերմանը իր դիրքորոշումը պայմանավորել է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության խաթարման սպառնալիքով:
«Իսրայելն իր հիմնադրման օրից չէր համաձայնում որևէ այլ պատերազմի կամ ողբերգության բնորոշման համար Հոլոքոստ տերմինն օգտագործել: Մենք կարծում ենք, որ այն, ինչ ապրել են հրեաները Երկրորդ համաշխարհայինի տարիներին չի կարող համեմատվել ոչ մի բանի հետ: Այլ հակամարտությունները կամ Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում տեղի ունեցած ջարդերը տերմինաբանության միջոցով հերթական Հոլոքոստի վերածելը մենք չենք ընդունում»,-նշել է նախարարը:
«Մենք հանդես ենք գալիս ի պաշտպանության այն գաղափարի, որ բոլոր փաստերը, պատմության բոլոր տխուր էջերը ներկայացվեին այնպես, ինչպիսին նրանք կան: Որևէ այլ երկիր, բացի Ֆրանսիայից, օրենսդրությամբ չի ընդունել հայերի Ցեղասպանությունը: Մենք չենք պատրաստվում խառնվել: Այսօր այն պատմական իրադարձություններից վերածվել է քաղաքական բանավեճի: Այդ իսկ պատճառով, չեմ կարծում, որ այս պահին Իսրայելը պետք է խառնվի այս խնդրին»:
2011 թվականի սեպտեմբերին Իսրայելի ԱԳ փոխնախարարը «Մեդիամաքս»-ի հետ զրույցում հայտարարել էր .«Առաջին Համաշխարհայինի տարիներին տեղի ունեցած հայերի սպանությունները ամենանուրբ հարցն է, և որպես մարդիկ, որոնք նույնպես տառապել են հետապնդումներից և սպանություններից, մենք նույնպես դյուրազգաց ենք այդ հարցի նկատմամբ: Այդուհանդերձ, այն բանից հետո, երբ այդ հարցը, ցավոք սրտի, տեղափոխվել է քաղաքական հարթակ, անհրաժեշտ է մեծ զգուշությամբ գործել: Իսրայելը երբեք չի ժխտել հայերի Ցեղասպանությունը, բայց մենք չենք ցանկանում Հայաստանի և Թուրքիայի միջև բախման երկիր դառնալ»: