Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստի ժամանակ ՀԱԿ-ի մեկ այլ ակտիվիստ Արեգ Գևորգյանը դահլիճում «Սերժի կամակատար դատարան» գրությամբ պաստառ է բարձրացրել:
Գևորգյանի ակցիայից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը դուրս է հրավիրել ՀԱԿ ակտիվիստին դատարանի դահլիճից:
Ինչպես հաղորդել է Epress.am-ի թղթակիցը դատարանից, Գևորգյանն իր ակցիան իրականացրեց անմիջապես դատավորի դահլիճ մուտք գործելուց հետո: Տիգրան Առաքելյանին աջակցող անձինք դժգոհում էին դատավորի նախավերջին նիստում կայացված որոշման դեմ, համաձայն որի Առաքելյանին թույլ չէր տրվել այցելել վերջին դատական նիստերին: Նշենք, որ ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այնպես էլ այսօր Առաքելյանին բերել էին դատարանի շենք, սակայն դատական նիստին նա չէր մասնակցում:
Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որում, մասնավորապես, ասված է.
«Մեղադրյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան որպես նորմ ընդունվել է միայն և միայն քաղաքական հակառակորդների նկատմամբ դատավարական հաշվեհարդար իրականացնելու նպատակով»:
Գրիգորյանն իր միջնորդության մեջ կասկածի տակ է առնում դատավորի անաչառությունը` կապված այս քրեական գործի հետ: Նա նշել է, որ դատավորը 2012 թվականի հունվարի 31-ին իր պաշտպանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշումը չի պարունակել որևէ պատճառաբանություն:
Միջնորդության վերաբերյալ իր կարծիքը հայտնելու համար մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը կես ժամ ժամանակ է խնդրել, որն ուսումնասիրելուց հետո ասել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ նա հիշել Ֆրիկի հայերեններից մեկը՝ «Կացինը սրելուց առաջ գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա»: Դատախազը նաև բացատրել է, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ եթե մի պահ Գրիգորյանն իրեն դատավորի տեղը դներ, ապա Առաքելյանի նկատմամբ այդ սանկցիան կկիրառեր:
Խորհրդակցական սենյակում մեկ ժամ անցկացնելուց հետո դատավորը միջնորդությունը մերժել է: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: