Home / Հայաստան / Բաղիշը պատրաստ է վերադառնալ Շվեյցարիա և կրկնել, որ Ցեղասպանություն չի եղել

Բաղիշը պատրաստ է վերադառնալ Շվեյցարիա և կրկնել, որ Ցեղասպանություն չի եղել

Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ պատրաստ է կրկին վերադառնալ Շվեյցարիա և կրկնել, որ Հայոց Ցեղասպանություն չի եղել, գրում է Hurriyet Daily News-ը:

Հիշեցնենք, որ Բաղիշը Դավոսի տնտեսական ֆորումից Թուրքիա վերադառնալիս Ցյուրիխի օդանակավակայնում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը, և դա անում է հենց Շվեյցարիայում, որտեղ Ցեղասպանությունների ժխտումը քրեականորեն հետապնդելի է, և որ երկրի իշխանությունները կարող են գալ և ձերբակալել իրեն, եթե ցանկանում են: Երեկ հայտնի դարձավ, որ Ցյուրիխի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Բաղիշի հայտարարության վերաբերյալ:

Թեև ավելի վաղ Բաղիշը հայտարարել էր, որ չի պատրաստվում այս առնչությամբ հայտարարությամբ հանդես գալ, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, այդուհանդերձ Բելգիա մեկնելիս օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ և ասել. «Ես չեմ ճանաչում որևէ ուժ, որը կարող է ձերբակալել Թուրքիայի նախարարի: Եթե կարիք լինի, ես կվերադառնամ Դավոս և կկրկնեմ խոսքերս»:

Բացի դա, Բաղիշը նշել է, որ իրականում հետաքննությունը դեռևս նախնական փուլում է:

«Այդ հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ դեռևս ինձ չի հասել: Մենք պայքարել ենք խոսքի ազատության համար, պայքարում ենք և կպայքարենք»,-ասել է Բաղիշը: