Փետրվարի 2-ին ԼՂՀ զորամասերից մեկում մարտական դիրքում զոհված շարքային Կառլեն Բաղդասարյանի դեմքը մահից հետո ամբողջովին այրված է եղել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են Բաղդասարյանի հարազատները:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան առիթով ինքնասպանության հասցնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:
«Կառլեն Բաղդասարյանը բանակ է զորակոչվել Ստեփանակերտի զինկոմսարիատից: Նա բանակում էր մեկ տարի երեք ամիս՝ այսինքն ծառայության ավարտին քիչ էր մնացել», – նշել է «Ժողովուրդը»:
Թերթի փոխանցմամբ՝ 20-ամյա Կառլենի բարեկամները շատ վախվորած են խոսել նրա մահվան մասին՝ ասել են միայն այն, ինչը հստակ տեսել են իրենց աչքերով, այն է` դեմքը վառված լինելու փաստը: Նրանք չեն ցանկացել կարծիք հայտնել, թե որն է եղել Կառլենի դեմքի այրվաքծների պատճառը: Ըստ նախնական տեղեկությունների` Կառլենը վիճել է իր համածառայողների հետ:
«Երևի իրեն հասցրել են, որ կռվել ա, թե չէ ինքն ըտենց տղա չէր, որ կռվեր, անգամ էնքան հավասարակշռված էր, որ շատ դժվար էր իրեն հունից հանել: Մենք շատ ցավ ենք ապրում, որ նման ձևով մահացավ, շատ ցավալի էր, որ իրան ըտենց ձևով բերեցին տուն՝ իրա երեսը վառված էր», – պատմել է զինվորի հարևաններից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ՝ պատճառաբանելով , որ իր խոսքերը կարող են վատ անդրադառնալ գործի բացահայտման վրա:
Զինվորի հարազատները վստահեցրել են, որ սպասում են, թե երբ է Կառլենի սպայական անձնակազմը ներկայանալու և բացատրելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել նրա ու ծառայակիցների միջև:
«Պիտի գան ու ասեն, վաղը, մյուս օրը հաստատ կգան ու կասեն, թե որն ա եղել դրա պատճառը, իր ծնողներն էլ են լսել ու անհամբեր սպասում են, թե երբ են գալու, բացատրելու՝ ինչ ա եղել իրականում», – թերթի հետ զրույցում նշել են Կառլենի բարեկամները: