Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը, որը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ից հետո և ազատ արձակվել 2009 թվականի հունիսին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր ինքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հետ վերցնելու իր դիմումը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված մի շարք քաղբանտարկյալներ դիմել են ՄԻԵԴ` պահանջելով ճանաչել իրենց անձնական անձեռնմխելիության իրավունքի հետ կապված խախտումները:
Սուրեն Սիրունյանի խոսքով` այդ որոշումով ինքն արտահայտում է իր բողոքը ՀԱԿ-ի դեմ: Նշենք, որ, Սիրունյանի խոսքով, նախկին քաղբանտարկյալների դիմումներով զբաղվում էր ՀԱԿ-ը:
Բանախոսը նշել է, որ վերջին շրջանում մամուլում տարածված այն լուրերը, որ որոշումը պայմանավորված է նրա վրա իշխանական ուժերի կողմից ճնշումներ գործադրելու հետ, սուտ են, և իր որոշումը բխում է իր քաղաքական դիրքորոշման փոփոխությունից:
«Ես գտնում եմ, որ Կոնգրեսը հետ է կանգնել իր իսկ կողմից 2007 թվականին սկսած ճանապարհից: Այս դիմումը հետ վերցնելով` ես իմ բողոքն եմ արտահայտում այդ փաստի առթիվ, սա բողոքի ձև է` ինչպես հացադուլը, նստացույցը», – ասել է Սիրունյանը:
Նա նշել է, որ հիասթափված է ՀԱԿ-ից` կարծիք հայտնելով, թե իր պես նվիրյալները դարձել են գործիք` Կոնգրեսի նեղ անձնական շահերն իրականացնելու համար:
Սիրունյանը հայտարարել է նաև, որ ավելի քան 10 ՀԱԿ անդամներ օրերս կհայտարարեն ՀԱԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին:
Այն հարցին, թե ում է սատարելու Սուրեն Սիրունյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բանախոսը պատասխանել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու մինչև չավարտվեն ընտրությունները:
«Խորհրդարանական ընտրություններին ոչ մի քաղաքական ուժի կողքին չեմ կանգնելու, առավել ևս` չեմ ընդգրկվելու որևէ կուսակցության համամասնական ցուցակում` տարաբնույթ խոսակցություններից խուսափելու համար»,- ասել է Սիրունյանը:
Նշենք, որ Սուրեն Սիրունյանը 90-ականներին Երևանի նախկին քաղաքապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետն է եղել:
Լուսանկարը` aravot.am-ի