Կալուգայի շրջանի Մալոյարոսլավեց քաղաքում երեքշաբթի մեկնարկել է դատական նիստ, որում որպես մեղադրյալ է հանդես գալիս 19-ամյա Անդրոնիկ Սիմոնյանը, ով կասկածվում է «Սպարտակի» 24-ամյա երկրպագու Ալեքսեյ Երշովին դանակահարելու մեջ: Ալեքսեյ Երշովը հարված է ստացել կրծքավանդակի հատվածում, տեղափոխվել հիվանդանոց և դուրս գրվել մի քանի շաբաթ անց: Հարձակման մեջ մեղադրվող հայ դեռահասին սկզբում կալանավորել են, այնուհետև ազատ արձակել` բնակավայրը չլքելու ստորագրության դիմաց:
Տեղի իրավապահ մարմինների այս գործողությունները վրդովմունք են առաջացրել ֆուտբոլային երկրպագուների շրջանում: Իմանալով այս դեպքի մասին` նրանք համացանցում պայմանավոևվել են և ժամանել Մալոյարոսլավեց: Մոտ 300 մարդիկ շարասյունով կայարանից կենտրոնական հրապարակ են շարժվել և պահանջել իշխանություններից պատժել մեղավորներին:
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով` դատի պատճառով քաղաք են բերվել ՕՄՕՆ-ի աշխատակիցներ տարբեր քաղաքներից: Ակնկալվում է ֆուտբոլային երկրպագուների բողոքի ակցիա և հայկական սփյուռքի հանրահավաք, որոնք պատրաստվում են բողոքել դատական գործընթացին երկրպագուների միջամտության դեմ:
Ֆուտբոլային երկրպագուների միջամտությունից հետո Անդրոնիկ Սիմոնյանը կարող է առավելագույն պատիժ ստանալ` 10 տարվա ազատազրկում:
Միջադեպը տեղի է ունեցել «Հինգ աստղ» ակումբում 2011 թվականի սեպտեմբերին, երբ տեղի բնակիչները քաղաքի օրն էին նշում: «Ես ուշադիր դիտել եմ տեսահսկման սարքերի կողմից արված տեսանյութը: Դասական գործ է: Երկու հարբած հայեր բարի մոտ վիճում են, բռունցքներով հարվածում սեղանին, կոտրում ափսեն: Նրանց է մոտենում պահակը, օգնության է կանչում Երշովին (պահակին): Նրանք հայերին դուրս են քաշում: Այնտեղ տեսախցիկներ չկան, բայց ամեն ինչ առանց այդ էլ պարզ է: Հայերը դուրս վազեցին իրենցականներին պաշտպանելու, ռուսները` ռուսներին: Արդյունքում, բակում մի ամբողջ ամբոխ, հավաքվեց, գոռգռոց սկսվեց: Մի քանի մարդիկ կռվում են: Մի տասը վայրկյան: Տեսնում եմ Երշին են բերում`ամբողջությամբ արյան մեջ»,- այդ երեկոյի դրամատիկ իրադարձությունների մասին պատմել է ակումբի բարմենը:
Կասկածյալին գտնելու հարցում ոստիկանությանն օգնել է տեսահսկման սարքերի ձայնագրությունը: Կադրերում երևում է` ինչպես է Սիմոնյանը վերջինը դուրս վազում փողոց: Նա ձերբակալվել էր, կովկասցուն ճանաչել են անձամբ Երշովը, նրա կինը և պահակը, ով փորձում էր բաժանել կռվողներին:
Ինչպես խոստովանել է բարմենը, քաղաքում հայերի հետ իրավիճակը «վաղուց այն չէ»: «Զզվացրել են: Երիտասարդությունը ամբարտավան է. մեկ էլ տեսար կգան խմբով, և մուտքի համար չվճարելու նպատակով պարզապես մաքրում են հսկիչներին»,- պարզաբանել է ակումբի աշխատակիցը:
Երկրպագուների ակցիայից հետո տեղի Ներքին գործերի նախարարության բաժնի ղեկավար Յուրի Գորբորուկովը հայտարարել էր, որ Սիմոնյանին ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացվել, քանի որ նախկինում նա դատվածություն չի ունեցել, գրանցված է քաղաքում, այստեղ է ապրում մանկությունից ի վեր և ընդհանրապես «լավ տղա է»:
Պարբերականը զրուցել է նաև Սիմոնյանի հետ: Անդրոնիկը պատմել է, որ վերջերս է վերադարձել բանակից: Ապրում է Մալոյարոսլավեցում մեկ տարեկան հասակից: Ձյուդո է պարապել այն նույն մարզասրահում, որտեղ որ Երշովը բռնցքամարտով է զբաղվել:
Սիմոնյանը պնդում է, որ ինքը մեղավոր չէ. «Նրանք առաջինը սկսեցին, որովհետև մենք 7-8 հոգի ենք, իրենք` 20: Եվ ես գիտեմ` ով է դանակահարել Երշովին: Նա վրացի է, ապրում է Մոսկվայում, անունը Սոկրատ է: Ես անգամ զրուցել եմ նրա հետ հեռախոսով: Բայց նա չի ուզում բանտ նստել»,- հայտարարել է մեղադրյալը:
«Նրանք ուզում են ինձ դատապարտել երեք մարդկանց ցուցմունքների հիման վրա»,-ասել է Անդրոնիկը: Նրա խոսքով` ծեծկռտուքի ընթացքում բազմաթիվ վկաներ կային, որոնք հեռախոսով նկարահանում էին, բայց քաղաքը փոքր է, բոլորը վախենում են ճշմարտությունն ասել: Անդրոնիկը պնդում է, որ Երշովի համար միևնույն է, ում կնստացնեն, կարևորը` ռուս չլինի:
Նրա խոսքով` երկրպագուների ակցիային ինքը «չեզոք» է վերաբերվում: «Բայց ահա թե ինչն է հետաքրքիր, մինչ այդ շաբաթ ես գիտեի, երբ է լինելու դատական հաջորդ նիստը, իսկ այստեղ փաստաբանն ինձ զանգեց, և պարզվում է, որ 7,8,9-ին է լինելու: Մենք գործում 16 վկաներ ունենք, և նրանք ցանկանում են արագ վերջացնել գործը: Արդյո՞ք դա ճնշում չէ»,- ասել է Սիմոնյանը: