Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել հիմնովին նորացնել Կաթոլիկ եկեղեցին, որպեսզի դադարեցվեն երեխաների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումներն ու մանկապղծության դեպքերը, հայտնում է Daily Telegraph-ը:
Միաժամանակ նման հանցագործություններից տուժածներին օգնություն ցուցաբերելը նա առաջնային խնդիր է համարել: Հռոպի Պապը նման հայտարարությամբ է հանդես եկել փետրվարի 6-ին Վատիկանում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում, որը Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ նվիրված էր մանկապղծության, նման դեպքերի բացահայտման և կանխարգելման թեմային:
Կոնֆերանսին մասնակցել են ավելի քան 100 երկրներից ժամանած եպիսկոպոսներ:
Նշենք, որ վերջին տարիներին եկեղեցին բազմիցս ներքաշվել է մանկապղծության վերաբերյալ մի շարք սկանդալների մեջ: Տուժածները պնդում են, որ դա Կաթոլիկ եկեղեցու ապաշնորհ գործունեության և թողտվական վիճակի արդյունք է:
Որոշ խմբեր, որոնց մեջ ընդգրկվել են հոգևորականների հանցագործությունների զոհերը, քննադատել են կոնֆերանսը` այն քարոզչական հնարք որակելով: