Լրագրող Պետրոս Ղազարյանը, ով «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարում է իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդումը, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Այս մասին Ղազարյանը հայտնել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:
Լրագրողի խոսքով` ինքը քննարկել է իր առաջադրվելու խնդիրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես նաև կուսակցության ներսում: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Ղազարյանն առաջադրվելու է համամասնական ցուցակով:
«Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, և այս իրավիճակում ԱԺ-ի դերն ուղղակի բացառիկ է: Ինձ համար սա (ընտրությունները) շատ կարևոր է, որովհետև,կարծում եմ, այս դեպքում մենք ընտրելու ենք ոչ թե սովորական Ազգային ժողով, այլ ընտրում ենք մեր ապագան», – «Առավոտի» հետ զրույցում ասել է Ղազարյանը:
Իր հերթին, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրների վրա, գրելն է, որ Ղազարյանը ընդգրկվելու է համամասնական ցուցակի առաջին տասնյակում: